Կա՞ ավելի լավ բան, քան երեխա ունենալը՝ մի բան, որին սպասել ես 9 ամիս, այն էլ՝ մեծ անհամբերությամբ։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր երեխաներն են ծնվում 9 ամսականում․ ոմանք լույս աշխարհ են գալիս, օրինակ, 8 ամսականում, սակայն ժամանակակից բժշկությունը կարողանում է հեշտությամբ փրկել անգամ վաղաժամ ծնված երեխաների կյանքը։

Բայց այս երեխան՝ Մանուշին, առանձնանում է վաղաժամ լույս աշխարհ եկած բոլոր երեխաներից․ նա ծնվեց նախատեսվածից 12 շաբաթ շուտ, երբ կշռում էր ընդամենը 400 գրամ։ Հիշեցնենք, որ լույս աշխարհ գալիս երեխայի միջին քաշը տատանվում է 2.7-4.1կգ սահմաններում։

Բժիշկներն ասում էին, որ երեխայի փրկվելու շանսերը 1%-ից էլ քիչ են, սակայն իրենք պատրաստ են անել ամեն հնարավոր բան։ Նրա լույս աշխարհ գալուց ամիսներ են անցել, ու ընդամենը օրեր առաջ արդեն վեց ամսական Մանուշին դուրս է գրվել հիվանդանոցից։

Վաղաժամ ծննդի պատճառն այն էր, որ երեխայի 48-ամյա մոր արյան ճնշումը կտրուկ բարձրացել էր, ինչի պատճառով պտղին արյուն չէր մատակարարվում։ Բժիշկները որոշել էին անհապաղ կեսարյան հատում անել։ Պտղի մոտ դեռևս լիովին չէին զարգացել ուղեղը, երիկամները, թոքերն ու սիրտը, այդ պատճառով նրան անմիջապես տեղավորեցին հատուկ սարքավորումների մեջ։

Չնայած փրկության շանսերի քիչ լինելուն՝ Մանուշիի ծնողները լցված էին հույսով, որ իրենց որդին կապրի։ Բարեբախտաբար, երեխան փրկվեց։ Հիվանդանոցում անցկացրած ամիսների և բժշկական ծառայությունների ընդհանուր գումարը կազմել է մոտավորապես 15.000 դոլար, սակայն հիվանդանոցը, հաշվի առնելով ընտանիքի սոցիալական վիճակը, վճարել էր նրանց փոխարեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել