Ֆրանսիական օծանելիք. այս բառակապակցությունը հրապուրում է յուրաքանչյուր կնոջ: Այն համեմատում են արվեստի գործի հետ, ցանկանում են, պահպանում են, օգտագործում են և վայելում: Օծանելիքների համար շատերը պատրաստ են խոշոր գումարներ տալ:

Իսկ ե՞րբ և ինչպե՞ս են ստեղծել օծանելիքը:

Օծանելիքը ֆրանսիացիները չեն ստեղծել: Մարմնի անուշաբույր յուղեր և բույրեր օգտագործվել են դեռ հին աշխարհում: Դրանց ստեղծման արվեստում վարպետացած են եղել եգիպտացիները, հույները, հռոմեացիները: Անուշաբույր յուղերի խառնուրդներ օգտագործել են նաև Հին Չինաստանում և Արաբական թերակղզում:

Յուղային խառնուրդներն օգտագործվում էին բուժման, ինքնազգացողության լավացման, մաշկի խնամքի համար, ինչպես նաև գրավում էին դիմացինին: Հիմնական օգտագործման ենթակա էր խունկը, որն օգտագործվում էր նաև կրոնական նպատակներով: Խնկի հոտի օգնությամբ հին քահանաները վերահսկում էին տաճարների այցելուների հոգևոր վիճակը:

Անուշաբույր արտադրանք ստանալու համար բացառապես օգտագործվում էր բուսական հումք՝ համեմունքներ, յուղեր, ծաղիկների թերթիկներ, խեժ: Բույրն առողջ մարմնի և հոգու պաշտամունքի մի մասն էր կազմում:

Իսկ ինչո՞ւ է առաջնապատվությունը օծանելիքի արտադրության տրվում Ֆրանսիային:

Հիգիենիկ և անուշաբույր միջոցներն օտար էին եվրոպացիներին: Օծանելիքը, ծաղկաջրերը, եթերային յուղերն ու թորման տեխնոլոգիան հասան արևմտյան աշխարհ, երբ խաչակիրները վերադարձան արշավանքներից: Այժմ դրանց նպատակը հստակ էր՝ վերացնել գարշահոտությունը, որն առաջանում էր մարդկային կենսագործունեության արդյունքում և լցնում էր միջնադարյան քաղաքները: Հիգիենիկ պրոցեդուրաներ այնտեղ դեռևս չէին գործում, բացակայում էր նաև կոյուղու հասկացությունը:

Եվրոպացի օծանելիքագործներն օծանելիքի բաղադրության մեջ սկսեցին ավելացնել կենդանական ծագման տարրեր՝ ամբրա և և մուշկ: Այս բաղադրատարրերն էապես ավելացրին օծանելիքի երկարակեցությունը: Սա հեղափոխական երևույթ էր. կենդանական ծագման տարրերի ավելացումը մեծ թափ տվեց օծանելիքագործության զարգացմանը:

Օծանելիքի նկատմամբ պահանջն այն ժամանակներում այնքան էլ մեծ չէր՝ միայն երկարակեցություն և ծակող բույր: Միայն այդպիսի օծանելիքը կարող էր մասամբ վերացնել մարմնի ու փողոցների տհաճ հոտը:

Այս ոլորտում ֆրանսիացիների հաջողությունը կայանում էր օծանելիքի վերաբերյալ նորարարական մտքեր ու գաղափարներ ընդունելու, այն ժամանակ առ ժամանակ փոփոխելու և զարգացնելու մեջ:

Ռուս քիմիկոս Վերիգինը՝ «Բուրմունք. օծանելիքագործի հիշողությունը» գրքի հեղինակը, նշում է, որ օծանելիքագործների մեջ շատ ավելի քիչ էին ժանտախտից մահացողները, քան հասարակության մյուս անդամների: Սա բացատրվում է նրանով, որ օծանելիքագործները գրեթե միշտ գտնվում են խոտերի ու եթերային յուղերի բույրերի ներքո:

XVIII դարում օծանելիքի օգտագործումը զանգվածաբար սկսում են տղամարդիկ: Անուշաբույր նյութերով օծում էին իրենց աքսեսուարները, ներքնազգեստը: Յուրահատուկ էին համարվում այն մարդիկ, ովքեր սեփական օծանելիքագործին էին վարձում, որպեսզի վերջինս պատվիրատուի համար անձնական յուրահատուկ բույր ստեղծեր:

Այս ժամանակաշրջանում հայտնի էին թեթև նյութերով պատրաստված հոտերը, ինչպիսիք են բերգամոտը, կիտրոնը: Հիգիենիկ պրոցեդուրաներն այլևս չէին փոխարինվում բույրերի, այլ համատեղվում էին դրանց հետ: Օծանելիք էին ավելացնում լոգարանների, բերանի ողողման համար նախատեսված ջրերի և հագուստի լվացման պարագաների մեջ:

XIX հարյուրամյակի սկզբում նոր կարիք զգացվեց բույրերի օգտագործման բնագավառում՝ չափավորություն: Ողջունելի էր օծանելիքով թաշկինակների և ձեռնոցների օծումը, սակայն օծանելիքի հպումը մարմնին անցանկալի երևույթ էր դարձել:

XIX դարի վերջում օծանելիքը ստանում է սեռային տարբերակում. կանանց հոտերը սովորաբար ունենում էին մրգային-ծաղկային երանգներ, իսկ տղամարդկանց օծանելիքը պարունակում էր ցիտրուսներ, փայտանյութ:

XX դարում օծանելիքներ են արտադրվում հատուկ եղանակների կամ օրվա ժամերի համար նախատեսված: Ձմեռային բույրերն ունեին թեթևակի կծվություն ունեցող, տաք երանգներ, ինչպես նաև խեժի մեծ կոնցենտրացիա: Ամառային կոմպոզիցիաներում պարունակվում էին այնպիսի երանգներ, ինչպիսին վարունգինը, ձմերուկինը, ինչպես նաև ծովինն ու լեռնային թարմ օդինն են: Սեռական տարբերակումը գործում է մինչ օրս, սակայն շատերն ուղղակի ընտրում և օգտագործում են այսօր այն, ինչը նրանց իսկապես դուր է գալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել