Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ: Հանդիպման սկզբում նա նշել է, որ թեև պարբերաբար հանդիպում է ունենում ԱԺ նախագահի, այլ պատգամավորների հետ, սակայն նման ձևաչափով հանդիպումն աննախադեպ է և նպատակ ունի առավելապես կենտրոնանալու Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի պայմաններում իրականացվելիք մեծ ծավալի աշխատանքի, բոլորին հուզող արդիական մի շարք հարցերի վրա՝ նկատի առնելով, որ ԱԺ գործունեության իր տեսլականի մասին հանգամանորեն խոսել է դեռևս անցյալ տարվա մայիսի 18-ի ծավալուն ելույթում, և այդ ուղերձի դրույթներին կրկին չի անդրադառնա:

Հանրապետության նախագահի խոսքից հետո Արա Բաբլոյանը ներկայացրել է Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման ու արդյունավետության բարձրացման նպատակով ԱԺ 6-րդ գումարման գործունեության ընթացքում իրականացված աշխատանքները, հանրությանը հետաքրքրող կարևորագույն և արդիական հարցերի շուրջ խորհրդարանում կայացած լսումները, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների գործունեության հիշյալ ժամանակահատվածի արդյունքները, այդ թվում` խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ:

Խորհրդարանի նախագահը, նրա տեղակալները և հանդիպմանը ներկա մյուս պատգամավորները` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Ծառուկյան» խմբակցությունների ղեկավարներն ու մշտական հանձնաժողովների նախագահները քննարկման ժամանակ իրենց տեսակետներն ու առաջարկություններն են ներկայացրել Հանրապետության նախագահի կողմից կարևորված խնդիրների և առաջիկա անելիքների, խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ԱԺ-ի աշխատանքի առաջնահերթ ուղղությունների, ինչպես նաև առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:

Խորհրդարանականները համակարծիք են եղել, որ պետության համար կարևորագույն հարցերում ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը մշտապես ցուցաբերել են միասնականություն և համախմբել են ուժերը ինչպես միջազգային խորհրդարանական կառույցներում աշխատանքի ժամանակ, այնպես էլ երկրի պաշտպանությանը, անվտանգությանը վերաբերող հարցերում:

Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում նրանք ընդգծել են ԱԺ աշխատակազմի հատկապես վերլուծական, փորձագիտական կարողությունների հզորացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, տարբեր երկրների հետ բարեկամության խմբերի աշխատանքի որակի բարելավումը:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ԱԺ 6-րդ գումարման ընթացքում խորհրդարանի կողմից իրականացված աշխատանքի մասին` միաժամանակ ընդգծելով, որ չպետք է բավարարվել արվածով, այլ անհրաժեշտ է պահպանել աշխատանքի տեմպը, որպեսզի առկա բոլոր խնդիրներին ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տրվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել