Հունվարի 8-ից Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում մեկնարկել է նոր՝ «Sos. փրկեք մեր հոգիները» հեռուստանովելը, որի ժանրը նորություն է հայկական հեռուստասերիալների շուկայում: Հեռուստանովելի դերասանական կազմում է նաև դերասանուհի Աննա Մանուչարյանը, ով BlogNews.am-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել կերպարի զարգացումների, առաջին անգամ բացասական դեր կերտելու և դրա բարդությունների մասին:

«Կերպարիս անունը Սոֆյա է։ Սովորական աղջիկ է, ով գնում է Վորոնեժ՝ եղբոր մոտ, և ճանապարհին վթարի պատճառով ավտոբուսի ուղևորների հետ հայտնվում է անտառում: Անելանելի վիճակում հայտնված հերոսուհիս սկսում է չարանալ բոլորի դեմ։ Եթե սկզբում հոգ էր տանում ուրիշների մասին, հետո սկսում է մտածել միայն իր փրկության մասին՝ դառնալով ավելի էգոիստ և հաշվենկատ»,- պատմում է Աննան։

Դերասանուհին առաջին անգամ էր նկարահանվում բացասական կերպարում. ասում է՝ ֆիլմն էլ իր համար շատ տարբերվող է. «Ինձ համար շատ հաճելի էր աշխատել, և ունեցածս առաջարկներից ընտրելով սա՝ միանշանակ չեմ սխալվել: Ինձ դուր է եկել նաև սցենարը, որովհետև մենք ոչ թե սարսափ ֆիլմ ենք նկարահանել, որպեսզի մարդկանց վախեցնենք, այլ ավելի շատ հոգեբանական թրեյլեր, որտեղ բացահայտվում է մարդկանց պահվածքն անելանելի վիճակում հայտնվելու ժամանակ»:

Աննայի խոսքով՝ բարդ նկարահանումները շատ էին, ինչը, իհարկե, ստիպում էր ֆիլմի սյուժեն. «Ցուրտ էր, պայմանները՝ բարդ, բայց մենք հավատում էինք, որ արդյունքը լավ է լինելու: Երբեմն այնքան էինք մրսում, որ չէինք կարողանում կենտրոնանալ, մանավանդ որ մեր նկարահանումները գիշերներն էին լինում: Բայց այս ամեն ինչի հետ մեկտեղ, երբ տեսնում էինք Հարութի, Հրաչի, Արայի համբերատարությունը, դա, կարծես, մեզ ավելի էր ոգևորում: Բարդ նկարահանումներն օգնում էին ավելի իրական պատկերացնել կերպարի իրավիճակը, և ամեն ինչ ավելի իրական էր ստացվում»:

Առաջին սերիան դիտելուց հետո Աննայի սպասելիքները լրիվ արդարացել են, ասում է, որ հետաքրքրությամբ նայում է և սպասում հանգուցալուծմանը. «Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ ինչ ավարտ է ունենալու ֆիլմը, քանի որ վերջին սերիաներում ես մասնակցություն չեմ ունեցել: Ես չգիտեմ՝ ով է փրկվում և ով՝ ողջ մնում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել