Ծնողների համար երևի չկա ավելի լավ բան, քան երեխայի լույս աշխարհ գալուն սպասելը։ Բոլորն էլ երկար պատրաստվում են այդ օրվան, երեխայի համար հագուստ ու խաղալիքներ են գնում, անգամ անուն որոշում։

Տարիներ առաջ, երբ ամերիկուհի Սառա Հելլերը հղի էր, 24 շաբաթականում բժիշկների կողմից արված հետազոտության արդոյւնքում պարզվեց, որ երեխայի մոտ դիմածնոտային անոմալիաներ կան՝ գայլի երախ և նապաստակի շրթունք։ Բժիշկներն առաջարկեցին ազատվել երեխայից, քանի որ այդ անոմալիաների պատճառով երեխան հետագայում մեծ դժվարություններ էր ունենալու ուտելու, խմելու և անգամ շնչելու հետ։ Այնուամենայնիվ, Սառան ու իր ամուսինը՝ Քրիսը, որոշեցին ունենալ երեխային։

Երեխայի ծնվելուց առաջ ծնողներն արդեն հոգեբանորեն պատրաստ էին, որ երեխայի դեմքը մի փոքր այլ տեսք է ունենալու, սակայն ամեն դեպքում նա իրենց երեխան էր, իսկ նրանից հրաժարվելն ուղղակի անընդունելի կլիներ։ Երեխան ծնվեց բժիշկների կանխատեսած արատներով, սակայն դա չխանգարեց, որպեսզի նա արժանանա իր ծնողների անվերապահ սիրուն։

«Անկախ հանգամանքներից՝ պետք է միշտ հպարտ լինես քո երեխայով։ Մենք ցանկանում էինք փոխել մարդկանց մոտ կարծրացած պատկերացումները։ Մեր երեխան ամենից թանկ բանն է աշխարհում, որ ունենք»,- ասում է Սառան։

«Երբ մեր որդու՝ Բրաուդիի, հետ որևէ տեղ էինք գնում, միշտ մարդկանց ուշադրության կենտրում էինք լինում։ Գրեթե բոլորը լավ խոսքեր էին ասում մեզ։ Հիշում եմ, երբ մի անգամ ռեստորանում էինք, մատուցողը մի ծալած անձեռոցիկ տվեց ու ասաց, որ կողքի սեղաններից մեկից են փոխանցել։ Բացեցի, մեջը 1.000 դոլարի չեք էր՝ «Ձեր սիրուն բալիկի համար» գրությամբ։ Անչափ տպավորված էինք»։

Մի քանի շտկողական պլաստիկ վիրահատություններից հետո երեխան հիմա սովորական տեսք ունի և չեք էլ անգամ կռահի, որ նա ծնվել էր գայլի երախ և նապաստակի շրթունք արատներով։ Իսկ բժիշկները ժամանակին առաջարկում էին ազատվել նրանից ու ընդհատել հղիությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել