Armtimes.com-ը գրում է.

ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը հաշվարկներ է կատարել բենզինի, դիզվառելիքի եւ սեղմած հեղուկ գազի շուկայում գների փոփոխման վերաբերյալ՝ հաշվի առբելով նաեւ այն հանգամանքը, որ բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում առկա են գերիշխող դիրք ունեցող ընկերություններ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց  ՏՄՊՊ հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:

«Առաջին հերթին ուզում ենք անդրադառնալ այս օրերին հնչող այն տեսակետներին, որ ի տարբերություն բենզինի եւ գազի, դիզելային վառելիքը չպետք է թանկանար, քանի որ այդ մասով տեղի է ունեցել ոչ թե ակցիզային հարկի բարձրացում, այլ՝ նվազում: Ի պատասխան այդ տեսակետների, նշեմ, որ մինչ 2018 թվականը դիզելային վառելիքի ներմուծումը եւ օտարումը ազատված էր ԱԱՀ-ով հարկումից: Իսկ ակցիզային հարկի գումարը կազմում էր 1 տոննայի համար ոչ պակաս, քան 35 հազար դրամ: Արդեն հունվարից, դիզելային վառելիքի համար ներմուծման ակցիզային հարկը 1 տոննայի հաշվարկով կազմելու է 13 հազար դրամ, այսինքն այս մասով տեղի է ունեցել նվազում, սակայն, միաժամանակ դրան զուգահեռ, դիզելային վառելիքի ներմուծումը եւ իրացումը այսուհետ ենթակա է ԱԱՀ-ով հարկման, ինչը նախկինում չի եղել»,- ասաց Գայանե Սահակյանը:

Վերջինիս խոսքով, հաշվարկները ցույց են տալիս, որ չնայած մաքսային սահմանին ակցիզային հարկի նվազեցում է տեղի ունեցել, որը կազմել է 1 լիտրի հաշվով 14 դրամ, սակայն իրացման փուլում ԱԱՀ-ով հարկումը ավելացրել է հարկային բեռը: Անուղղակի հարկերն այդ դեպքում ավելացել են մոտ 60 տոկոսով:

Անդրադառնալով բենզինի գնի էական բարձրացմանը, Գայանե Սահակյանն ասաց, որ հունվարից բենզինի ներմուծման համար ակցիզային հարկը ավելացել է 1 տոննայի հաշվով 15 հազար դրամով: «Եթե նախկինում 1 տոննա բենզինի ներմուծման համար ակցիզային հարկի գումարը կազմում էր 25 հազար դրամ, ապա ներկայումս այն կազմում է 40 000 դրամ: Բացի այդ, մինչ 2018 թվականը մաքսային սահմանին վճարվող ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի հանրագումարը կազմում էր 120 հազար դրամ, իսկ ներկայումս այն կազմում է 135 հազար դրամ»,- նշեց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել