Հարգարժան ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյան, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի տխուր իրողության վրա, որը, չգիտես ինչու, անտարբերության եք մատնել կամ արհեստավարժորեն ծածկել եք լռության քողով: Համենայն դեպս, ուսումնասիրելով Ձեր ֆեյսբուքյան էջը, որտեղ ջանասիրաբար տեղադրվում են քարոզարշավի ընթացքում Ձեզ գովերգող նյութերը, ավելի վաղ արած աշխատանքների մասին պատմող տեսանյութերը, լուսանկարներն ու «հաշվետվությունները», սակայն ոչ մի տող, դատապարտող ոչ մի ակնարկ օրեր առաջ Ձեր նախընտրական հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին: Ձեր իսկ քարոզարշավին, Ձեր իսկ թիմակիցներն օրը ցերեկով լրագրողի նկատմամբ բռնություն են կիրառում՝ ծեծի ենթարկելով նրան, խոչընդոտում նրա մասնագիտական գործունեությունը, որի մասին հայտնի է դարձել հենց նույն օրն ու խոսվել է այդ մասին նաև դրան հաջորդող օրերին, սակայն Դուք այդպես էլ չարձագանքեցիք դրան. չեմ կարծում, թե անտեղյակ եք կատարվածից: 

 
 
 
 
Այնուամենայնիվ, մեջբերում եմ տուժած լրագրողի պատմածները.
«Մի երիտասարդ մոտեցավ՝ «Ի՞նչ ես նկարում», ասացի՝ «Ինչ որ տեսնում եմ», «Երկա՞ր ես նկարելու», ասացի՝ «Մինչեւ միջոցառման ավարտը»: Մի քանի հոգի էլ մոտեցան, մեկը թե՝ «Ապեր, ստե մի նկարի, գնա ընդե, ծառերը նկարի», ասացի, որ օրենքով ինձ վերապահված գործն եմ անում (էդ ընթացքում շարունակելով նկարել գազելի շուրջ տեղի ունեցողը, բայց ոչ զրուցակիցներիս դեմքերը): Սա թե՝ «Հիմի ուզում ես, մենք էլ մեր օրենքներով քո հետ վարվե՞նք»: Ասում եմ՝ ի՞նչ պետք է անեք, ես հրապարակային միջոցառում եմ լուսաբանում, որևէ մեկի իրավունքը չեմ խախտում (խոսում եմ հնարավորինս գրական լեզվով, սրանց դիմելով «դուք»-ով):
Երբ տեսախցիկս պահեցի սրանց վրա, ավելի բորբոքվեցին: Էդ պահին մոտեցավ կապույտ վանդակավոր պիջակով ճաղատ մեկը (մենք արդեն պարզել ենք, որ հարվածողը Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու, «Տուրբո» մականունով հայտնի Աշոտ Պապայանն է-խմբ.), որ մինչ այդ համակարգում էր թաղի երեխեքի, Տարոն Մարգարյանին աղուհացով դիմավորել պատրաստվող աղջիկների «աշխատանքը», ու հայհոյելով սկսեց հարվածել: Նրան միացան մյուսները, սկսեցին քաշքշել, հարվածել: Էդ ընթացքում էն եմ հիշում, որ պիջակավորը գոռում էր՝ «Խի՞ եք հարամում, արա, մեր հացը, այ ռևոլյուցյոներներ»:
Շեշտեմ, որ բակում մի քանի տասնյակից ավել մարդ էր հավաքված, այդ թվում՝ ոստիկանության մի բարձրահասակ մայոր, բայց որևէ մեկը չփորձեց խանգարել սրանց: Երբ ակնոցս աչքերիցս ընկավ, ձեռքիցս նկարահանող սարքը խլեցին ու հանդարտվեցին, ամեն մեկը մի կողմ գնաց: Մոտենում եմ մայորին, ասում ա՝ «Նորմալ ա, ապեր ջան, հանգստացի, զանգել եմ ոստիկանություն»:
Քիչ անց մի քանի ջահել են մոտենում, թե՝ ապեր, արի մի կողմի վրա գնանք, ապարատդ տամ: Ասում եմ՝ ոչ մի տեղ չեմ գա, եթե ապարատիս տեղը գիտես, բեր: Գնաց:
Մի կին մոտեցավ, անունը՝ Ռուզան, թե՝ ու՞մ պատվերն ես կատարում, որ էս ժողովրդին հրահրում ես: Ասում եմ՝ տիկին, մորս տարիքի եք, մի հատ ինձ նայեք, ես չեմ եկել էստեղ, որ ինձ ծեծեն: Ի դեպ, էդ կինը հետո, արդեն Տարոնի ժամանելուց հետո, «բուն» միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ հարթակից՝ Մարգարյանին խնդրելով, որ մի քանի տարի էլ ղեկավարի՝ «էդ մե՛նք պետք է խնդրենք Ձեզ, որ ղեկավարեք, ոչ թե Դուք մեզնից ձայն պետք է խնդրեք»:
Իսկ մինչ այդ, մինչև Տարոնի ժամանելը քաղաքապետարանի աշխատողները սկսեցին գալ, մոտեցան, թե՝ ինչ ա եղել, էդ որ մի սադրիչն ա տենց բան արել («սարդիչը», կրկնեմ, դեպքից առաջ եւ հետո, հանդիպումն էր նախապատրաստում):
Սրանցից փողկապավոր մեկը մի քանի րոպե հետո մոտեցավ, ցելոֆանե (!) տոպրակի մեջ ապարատս վերադարձրեց: Մեջից բոլոր ֆայլերը, (ինչը սպասելի էր) ջնջված էին: Հարցնում եմ՝ բա ումի՞ց վերցրեցիք, ու՞ր են ոստիկանները՝ չգիտեն:
Ապարատովս նորից սկսեցի նկարել, ֆիքսեցի ինձ հարվածողի դեմքը, բոյով մայորին, ապարատս վերադարձնողին, տիկին Ռուզանին ու նրա գովքը Տարոն Մարգարյանին:
Էդ ընթացքում զանգ եկավ հեռախոսիս՝ Ջրվեժի ոստիկանապետ Գալստյանն էր: Ասաց՝ մոտեցի էդտեղ կանգնած ոստիկաններից մեկին, քո պրոբլեմների մասին պատմիր: Ասում եմ՝ պարոն, ինչ պրոբլեմ, ինձ ծեծել են հարյուր մարդու աչքի առաաջ, ոստիկանության մայորի աչքի առաջ, հիմա էլ տասնյակ ոստիկաններ են էստեղ կանգնած, ե՞ս մոտենամ: Անջատեցի հեռախոսը, անջատեցի տեսախցիկս, ու փողոցից տաքսի վերցրի, իջա քաղաք՝ խմբագրություն»:
 
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ին, ժամը 5 անց կեսի մոտ, iLur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանի հետ, ով խմբագրության հանձնարարությամբ գնացել էր 8-րդ Մասիվ` լուսաբանելու Ձեր քարոզարշավային հերթական հանդիպումը:
Տարոն Մարգարյան, ես Ձեր մասին ավելի լավ կարծիքի էի և, չնայած ինչ-ինչ օբյեկտիվ պատճառների, շարունակել եմ Ձեզ տեսնել ոչ բացասական լույսի ներքո, չնայած այս մեկն արդեն չափազանց է: Դուք՝ որպես պարկեշտ մարդ, առավել ևս դեռևս գործող քաղաքապետ, պարտավոր էիք պաշտոնական հաղորդագրությամբ հանդես գալ և մեզ` այս քաղաքի բնակիչներիս` հարկատուներին, ում Դուք հաշվետու եք, իրազեկելու, թե ինչ է արվել կամ արվելու մեղավորներին, մասնավորապես ավագանու Ձեր մականունավոր անդամին, ով բռնություն է կիրառել լրագրողի նկատմամբ, պատժելու կամ պատասխանատվության ենթարկելու համար, և թե ինչ փոխհատուցում է ստանալու լրագրողն իր բարոյական և մասնագիտական վնասի համար, քանի որ Ձեր թիմակիցները ջնջել էին նաև լրագրողի նկարածները:
Այս անպատժելի գործելաոճը և Ձեզ բացառապես դրական լույսի ներքո ներկայացնելու մոլուցքը հանգեցնում է նրան, որ անգամ այն մարդիկ, ովքեր հարգանք են տածել Ձեր հանդեպ, սկսեն վերանայել իրենց վերաբերմունքն ու կարծիքը, քանզի մարդու իրական տեսակն ու որակը, ով լինելը բացահայտվում է հատկապես այն ժամանակ, երբ նա կարողանում է իր մեջ ուժ գտնել և խոսել նաև իր կամ իր թիմակիցների թերությունների և թույլ տված ապօրինությունների մասին, իսկ Դուք, ժողովրդի ասած, անգամ կես բերան չեք խոսել այդ մասին՝ թույլ տալով ամենաթողություն, անպատժելիություն: Ես՝ թե որպես քաղաքացի, թե որպես լրագրող, համոզված էի, որ չի ուշանա Ձեր դատապարտող պատասխանը կատարվածի վերաբերյալ: Սակայն, ավաղ, մեծ էր հիասթափությունս, երբ անցած երկու օրերի ընթացքում Դուք քար լռություն պահպանեցիք՝ դրանով հանդերձ փորձելով կոծկել ոչ միայն Ձեր թիմակիցների խուլիգանական պահվածքը, տարածքում գտնված ոստիկանի անգործությունը, այլև ըստ էության խրախուսեցիք ոմանց հակահասարակական աններելի ու դատապարտելի պահվածքը, ինչը, համոզված եմ, ստվեր է գցում Ձեր՝ պատվախնդիր և չվարկաբեկված կերպարի վրա: Հենց Ձեր տարօրինակ լռությունն ինձ ստիպեց պահանջելու Ձեզանից հանդես գալ պաշտոնական հաղորդագրությամբ և ասելու, թե ինչպես է պատժվելու և պատասխանատվության ենթարկվելու մեղավորը, և ինչ փոխհատուցում է ստանալու ծեծի ենթարկված իմ գործընկեր լրագրողը:
 
Պրն. Մարգարյան, ակնկալում եմ Ձեր օպերատիվ արձագանքը:
Անի Քոչար
Երևանի քաղաքացի, լրագրող
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել