Սարսափ տեսածներին մի վախեցրեք, իմաստ չունի
Երբ պետական ատյանները հնչեցնում են, որ երկրում կան բազմաթիվ թափուր աշխատատեղեր, մտածում ես՝ իսկ այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ նախընտրում առավոտից կանգնել «ֆայլա» բազարում կամ թակել բնակարանների դռները օրվա աշխատանք գտնելու ակնկալիքով: Չէ՞ որ ավելի հարմար է միանգամից գնալ և զբաղեցնել այդ թափուր տեղը և իզուր չընկնել դռնեդուռ: 
Երրորդ հանրապետության հռչակումից անցել է 20 տարուց ավել, իսկ մեզ մոտ դեռ չկա հստակ ձևավորված իրական մինիմալ զամբյուղ գաղափարը: Ընդհանրապես ի՞նչ ենք հասկանում, երբ ասում ենք մինիմալ զամբյուղ: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում կա մի սկզբունք հաշվելու մինիմալ զամբյուղը, դա է՝ չշեղվել իրականությունից: Նախ մինիմալ զամբյուղը հաշվելուց ի նկատի են ունենում նաև համախառն արտադրանքի ցուցանիշները, որի օգնությամբ էլ որոշում են անհրաժեշտ ապրանքների ցանկը, քանզի ամեն երկիր ունի իր սպեցիֆակացիան: Օրինակ՝ Չինաստանում, Ճապոնիայում և այլ նմանատիպ երկրներում բրնձի տոկոսը ՀՆԱ-ի մեջ բարձր է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զարգացած երկրներում մինիմալ զամբյուղը հաստատուն թիվ չէ, նա ինֆլյացիայի արդյունքում անընդհատ փոփոխման է ենթարկվում, և հենց այդ էլ թույլ է տալիս, որպեսզի մինիմալ զամբյուղի ցուցանիշները համապատասխանեն իրականին: Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ: Մեզ մոտ գոյություն ունի մեկ սկզբունք՝ «ստանում ես 50 կամ 60 հազար դրամ, հիմա էս ա, յոլա գնա, չես ուզում՝ ազատ ես, հերթ են կանգնած»: Եվ այս պարագայում խոսել մինիմալ զամբյուղի մասին գրեթե անհնար է: Որպեսզի ավելի տպավորիչ լինի ասածս, ձեզ եմ ներկայացնում մի իրական հաշվարկի պատմություն: Եվ այսպես, հարևանս սովորական ճարտարագետ է, աշխատում է ձեռնարկություններից մեկում, հենց իր մասնագիտությամբ: Ահա նրա մտքերը`«Ստանում եմ ձեռքի վրա մաքուր 60000 դրամ (այստեղ շատ հատկանշանական է ձեռքի վրա արտահայտությունը, քանզի եթե քո աշխատավարձը թղթի վրա x գումար է, ապա ձեռքի վրա x-24 տոկոս է): 60000-ից ամենաքիչը ամառվա սեզոնին մոտ 10000 կոմունալ վարձերին եմ տալիս: Մնաց տակը 50000, մայրս վատառողջ է, ամենաբարենպաստ հաշվարկներով մոտ 10000 էլ գնում է դեղամիջոցներին: Մնաց 40000` ես մինչև հասնում եմ իմ աշխատատեղին, երկու տրանսպորտ եմ փոխում՝ մոտ 8000 էլ դա, մնաց տակը 32000: Ընտանիքս բաղկացած է 5 հոգուց` մայրս, կինս և երկու փոքր երախաներս (հասկանալի պատճառով կինս չի աշխատում, քանի որ խնամում է երեխաներին, այսինքն` մոտ 30000 գումարը ես բաժանում եմ 5 հոգու վրա և ստացվում է` ամեն մեկին փայ է հասնում 6000 դրամ ամսվա կտրվածքով. այսինքն` օրվա կտրվածքով 200 դրամ»:
Հարգելի ընթերցողներ, իսկ այսպիսի ընտանիքներ Հայաստանում հազարավոր են: Այս հաշվարկի մեջ, ինչպես տեսաք, ընդգրկված չեն ո՛չ ուսման հեռանկարները, ո՛չ ընտանիքի բյուջեի պահուստային անհրաժեշտ հատկացումը (սև օրվա համար) և խոսել այս պարագայում արժանապատիվ կեցվածքի մասին ուղղակի զառանցանք է: Այ հիմա հասկանալի է դառնում, թե ինչու են մարդիկ ճարահատյալ ընկնում տոկոսների տակ, վաճառում իրենց բնակարանները, իսկ այնուհետև ընկնում փորձանքների մեջ: Այսինքն` մարդը, աշխատելով հանդերձ, չքավոր է:

Աղբյուրը` replik.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել