Բաժանման ցավը միշտ էլ ցավոտ է, սակայն հավատացեք՝ այն հնարավոր է հաղթահարել: Հետևեք մեր խորհուրդներին, և այդ ցավը հաղթահարելու ճանապարհը շատ ավելի դյուրին կլինի:

Անկասկած, բոլորն են սիրահարվում: Երբեմն սերը լինում է անպատասխան, իսկ երբեմն էլ ստացվում է այնպես, որ մենք հասնում ենք մեր երազանքին և այն մեկը, ում համար պատրաստ ենք աստղեր երկնքից իջեցնել, փոխադարձաբար սիրահարվում է մեզ: Դա, իհարկե, աննկարագրելի երջանկություն է: Դուք միասին եք անցկացնում ձեր ողջ օրը, միմյանց հետ կիսվում ամեն հարցով, գիտեք միմյանց գաղտնիքները. թվում է, թե ամեն բան հիանալի է և, որ ամենակարևորն է, ոչ ոք և երբեք ձեզ չի կարող բաժանել: Սակայն հանգամանքների բերումով դուք բաժանվում եք: Ենթադրենք՝ առաջինը հեռանում է նա, կամ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ դուք եք որոշում վերջ դնել հարաբերություններին, որոնց համար մի ժամանակ այդքան պայքարել էիք:

Պատճառները և հանգամանքները տարբեր են, սակայն ամենակարևորն այն է, որ այդ բաժանումից հետո դուք հաստատ երջանիկ չեք: Դուք սկսում եք ինքնաբերաբար չարանալ յուրաքանչյուրի հանդեպ, դուք ցանկանում եք անդադար լաց լինել, կիսվել ինչ-որ մեկի հետ: Ցանկանում եք նրան գրել կամ զանգել կամ գոնե վերջին անգամ հանդիպել այն հույսով, որ հնարավոր է կրկին ամեն բան փոխել, բայց…

Այդ պահին ամենակարևորն է հիշել այն, որ դուք արդեն միասին չեք, և նույնիսկ եթե բաժանումից հետո քայլեր եք ձեռնարկել ձեր նախկին ընկերոջ կամ ընկերուհու հետ միանալու համար, և ձեր ջանքերն ապարդյուն են եղել, ապա այժմ հույս ունենալը պարզապես անիմաստ է, և այո՛, որքան էլ դա դաժան է հնչում, բայց անիմաստ է ինչ-որ բան փոխելը: Անհրաժեշտ է պարզապես հիշել, որ կյանքը առաջ է շարժվում, որի հետ առաջ եք շարժվում նաև դուք և պետք չէ անդադար ետ նայել, այլ դրա փոխարեն անհրաժեշտ է միայն առաջ նայել և ապագայի համար նոր պլաններ կազմել: Ահա մի քանի կետ, որոնց շնորհիվ դուք հաստատ կհաղթահարեք բաժանումը:

1. Աղբամանը նետեք այն ամենը, ինչ հիշեցնում է նրան

Այո, պետք է դա անել, քանի որ  բաժանումից մի քանի օր անց հաստատ կրկին նրան հիշելու եք և բնազդաբար ձեր ձեռքն եք վերցնելու այն, ինչ մի ժամանակ նա է ձեզ նվիրել: Բնականաբար, վերցնելուց հետո ընկնելու եք հիշողությունների գիրկը և տանջվելու եք, որից հետո չարանալու եք և մտածեք, թե ինչու այսպես եղավ, չէ՞ որ ամեն բան պարզապես հրաշալի էր, և հաստատ կրկին մտածելու եք նրա հետ հանդիպման մասին և հիշելու եք, որ արդեն ոչինչ ուղղել հնարավոր չէ․․․ Մի խոսքով՝ կրկին գլուխ է բարձրացնելու դեպրեսիան, որն այս մի քանի օրերի ընթացքում գոնե մի քիչ նահանջել էր: Այս ամենից խուսափելու համար անհրաժեշտ է պարզապես դեն նետել նրան հիշեցնող յուրաքանչյուր իր: Բնականաբար, դա դժվար է, բայց փոխարենը դուք ձեզ կապահովագրեք ուռած աչքերից և մեռյալ տրամադրությունից:

2. Գնացեք գեղեցկության սրահ կամ մարզասրահ

Բնականաբար, յուրաքանչյուր կին սիրում է հաճախել գեղեցկության սրահ, տղամարդիկ երևի թե այս դեպքում՝ մարզասրահ: Հաստատ կմտածեք, որ բաժանումից հետո գեղեցկության սրահ գնալը կամ պարզապես մտածել սեփական արտաքինի կամ կազմվածքի մասին պարզապես անհնար է, չէ՞ որ  դրա տրամադրությունը չկա, դա ավելորդ է,  հիմա անհրաժեշտ է պարզապես նստել տանը, տխուր երաժշտության ներքո, և մտածել միայն նրա մասին: Ինչո՞ւ նստել տանը,  լսել տխուր երաժշտություն, մտածել նրա մասին, եթե հնարավոր է, որ նա ձեզ արդեն անգամ չի էլ հիշում և վայելում է կյանքն առանց ձեզ: Արեք նույնը, ապացուցեք, որ դուք կախյալ մարդ չեք և կարող եք ապրել նաև առանց նրա: Գնացեք գեղեցկության սրահ, փոխեք ձեր սանրվածքը, որն արդեն երկար ժամանակ է, ինչ նույնն է, զբաղվեք ձեր խնամքով, հաճախեք մարզասրահ, զբաղվեք ձեր առողջությամբ և կազմվածքով, հանդիպեք ընկերների հետ և ուղղակի վայելեք կյանքը: Որոշ ժամանակ հետո ձեզ լիովին կերպարանափոխված տեսնելիս հնարավոր է, որ նա գիտակցի իր սխալը և վազի ձեզ մոտ: Այդ ժամանակ արդեն դուք կլինեք որոշողը՝ կրկին նրան հնարավորություն տա՞լ, թե՞ ոչ:

3. Շփվեք մարդկանց հետ

Դա բավականին կարևոր է, քանի որ մեկուսանալով դուք միայն վատթարացնում եք ձեր վիճակը: Մի վախեցեք մարդկանց հետ շփվելուց, քանի որ դուք նրանց կարիքը շատ ունեք:  Ընդհանրապես՝ մենք բոլորս շփման կարիք ունենք, քանի որ կյանքն առանց շփման պարզապես անիմաստ է: Պարտադիր չէ պատմել բոլորին ձեզ հետ պատահածը, դա, անկասկած, հետարքիր չէ ոչ ոքի: Դա ձեր անձնական կյանքն է: Մի մերժեք հրավերները, գնացեք և բավականին լավ ժամանակ անցկացրեք, ուրախացեք ձեր ընկերների և ընկերուհիների հետ: Ոչ մի դեպքում չմեկուսանաք: Դա միայն կխորացնի ձեր դեպրեսիան բաժանումից հետո: Հնարավոր է, որ մի հրավերի ժամանակ դուք հանդիպեք ձեր իսկական սիրուն…

4. Չչարանաք ոչ ոքի հանդեպ

Դա կարևոր նախապայման է: Բնականաբար, բաժանումից հետո դուք միայն ցավ կզգաք, բայց պետք չէ չարանալ մարդկանց հանդեպ: Նրանք մեղավոր չեն, որ ձեր նախկինը այդքան վատն էր, կամ որ դուք որոշեցիք բաժանվել: Բարի գտնվեք նրանց հանդեպ, որքան էլ որ այդ վիճակում դա դժվար լինի: Օգնեք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, և կզգաք, թե որքան թեթև եք դրանից հետո ձեզ զգալու:

Շարունակությունն՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել