Այս օրերին ռազմական իրավիճակը բավական թեժ է հատկապես Սիրիայի կենտրոնական Համա, հյուսիսարևմտյան Իդլիբ և հարավարևմտյան ալ-Կունայտրա նահանգներում, Գոլանի բարձունքների հատվածում:
ա) Թեժ մարտեր են ընթանում մի կողմից սիրիական կառավարական ուժերի և նրանց հարող խմբավորումների, մյուս կողմից՝ ահաբեկչական «Հայա Թահրիր ալ-Շամ» (ՀԹՇ, «ալ-Կաիդայի» ճյուղավորումը Սիրիայում) և ընդդիմադիր մի քանի այլ խմբավորումների միջև:
բ) Անընդհատ բախումներ են ընթանում նաև ՀԹՇ-ի, ԻՊ-ի և մի շարք այլ ընդդիմադիր խմբավորումների միջև:
Առաջին ուղղությամբ կառավարական ուժերը և նրանց հարող շիայական խմբավորումները լուրջ ռազմավարական հաջողության են հասել Գոլանի բարձունքներում՝ ազատագրելով Բեյթ ջին ռազմավարական նշանակության շրջանը՝ իսլամականների վերջին օրրանը՝ վերականգնելով մինչև 2012 թ. դիրքային իրավիճակը և հայտնվելով Իսրայելի սահմանից ընդամենը 6 կմ-ի վրա:
Սիրիայի կենտրոնական Համա նահանգի հյուսիսարևելյան շրջանում նույն դերակատարների միջև պայքարը դեռևս ընթանում է փոփոխական հաջողություններով: Ռազմական գործողությունների գոտում իսլամականները խոցել են կառավարական ուժերին պատկանող L-39 տեսակի ռեակտիվ կործանիչ, իսկ կատապուլտ եղած օդաչուին դաժանաբար սպանել: Կառավարական ուժերի վերջնանապատակն է Համայից հետո Իդլիբի դեմ հուժկու գրոհի նախաձեռնումը, որն ընդդիմադիր տարաբնույթ խմբավորումների կողմից ամբողջապես վերահսկվող վերջին նահանգն է Սիրիայի տարածքում:
Երկրորդ ուղղությամբ՝ տարաբնույթ իսլամական ծայրահեղ արմատական և «չափավոր» ընդդիմադիր խմբավորումների միջև պայքարն ընթանում է դարձյալ Համա և Իդլիբ նահանգներում, մինչդեռ ավելի նվազ ինտենսիվությամբ և աննշան դիրքային փոփոխություններով՝ էականորեն ջլատելով իսլամականների ուժերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել