«Անդրադարձել ենք մեր երկու երկրների տարանցիկ կարողությունների զարգացմանը»,-նախօրեին Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպելով այդ երկրի նախագահին, ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցն ու տարանցիկ կարողությունների մասին հայտարարությունը հատկապես ուշագրավ են հնչում դրանից օրեր առաջ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի արած հայտարարության ֆոնին, որ կապված էր տրանսպորտային միջանցքների օգտագործման մասին 2011 թվականին կնքված ռուս-վրացական պայմանագրի հետ: Այդ պայմանագրով նախատեսվում է Վրաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրում Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքով, երրորդ կողմի մոնիթորինգի ներքո:

Բանն այն է, որ Վրաստանն ու Ռուսաստանը քաղաքական հակամարտության մեջ են Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում և պայմանագրով նրանք փորձում են տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնել այդ հակամարտության պայմաններում՝ սահման դիտարկելով Ռուսաստանի սահմանը: Իսկ չճանաչված այդ հանրապետությունների տարածքով, որոնց այսպես ասած անջատումը, Վրաստանը չի ընդունում, իսկ Ռուսաստանը ճանաչել է անկախությունը, բեռնափոխադրումը իրականացվելու է շվեյցարական մոնիթորինգի ներքո: Պայմանագիրը կա, սակայն այն չի իրականացվում: Եվ ահա Վրաստանի վարչապետը օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան էլ կարող օգտվել այդ տարանցումից, եթե պայմանագիրը մտնի ուժի մեջ, և եթե փակ լինի Վերին Լարսի ճանապարհը: Սակայն խնդիրն այն է, որ Վրաստանը տալիս է իր համաձայնությունը, իսկ Ռուսաստանը դնում է քաղաքական պահանջներ՝ չճանաչված տարածքների հարցում, որոնք Վրաստանի համար ընդունելի չեն: Առանցքային է այստեղ թերևս այն, որ Ռուսաստանի համար զուտ տնտեսական իմաստով այդ ճանապարհը կարևոր չէ: Դա կարևոր է դեպի Ռուսաստան բեռներ փոխադրողների համար, որոնք ձգտում են ռուսական շուկա: Այսինքն՝ դա կարևոր է թե՛ Հայաստանի, Վրաստանի, թե՛ Թուրքիայի համար: Սակայն Ռուսաստանը, բնականաբար, շահագրգռված չէ մտածել նրանց մասին»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել