2018-ին Ռուսաստանում ընթանալու են քաղաքական կարևոր իրադարձություններ. նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018թ. մարտի 18-ին՝ Ռուսաստանին Ղրիմի միացման օրը։ Սա կլինի ՌԴ-ում յոթերորդ նախագահական ընտրությունը: Առաջինը տեղի է ունեցել 1991թ., ապա՝ 1996, 2000, 2004, 2008, 2012 թվականներին: 2000թ. ի վեր երկրի հիմնական ընտրությունները միշտ տեղի են ունենում մարտ ամսին:

Ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, հեռուստահաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը և Եկատերինա Գորդոնը, ձեռնարկատեր Սերգեյ Պոլոնսկին, բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը, «Յաբլոկո» կուսակցության նախագահ Գրիգորի Յավլինսկին, կոմկուսի ներկայացուցիչ Պավել Գրուդինը: Դեկտեմբերի 24-ին ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին ՌԴ ԿԸՀ հանձնեց նախագահի պաշտոնում որպես թեկնածու գրանցվելու փաստաթղթերը: Վլադիմիր Պուտինը նախագահական մրցավազքին մասնակցելու մասին հայտարարել է դեկտեմբերի 6-ին: «Լևադա կենտրոն» հետազոտական կազմակերպության տվյալներով՝ ռուսաստանցիների 66 տոկոսը կցանկանար 2018-ից հետո Պուտինին տեսնել նախագահի պաշտոնում։

Ներկայացված 23 պոտենցիալ թեկնածուներից փորձեմ անդրադառնալ ամենաանհայտին, ում թեկնածության մասին օրերս հայտարարեց կոմկուսը. խոսքը Պավել Գրուդինի մասին է: Որպես կանոն, նախագահական ընտրություններին Ռուսաստանի կոմունիստներին միշտ ներկայացնում էր Գենադի Զյուգանովը, սակայն այս ընտրություններին կոմկուսը գնաց փոփոխության:

Գրուդինի առաջադրմամբ նախագահական ընտրությունների մրցավազքը մի յուրահատուկ ձևով հետաքրքրացավ, և նա իր հետ առողջ թարմություն բերեց․ Սոբչակն ուղղակի հորիզոնից վերացավ: Նրա օգտին կքվեարկեն բոլոր ձախերն ու բիզնես ոլորտը, ինչպես նաև նրանք, ովքեր բազմազանության կողմնակից են (ի վերջո, հո չեն քվեարկի Ժիրիկին): Խոսքս չնմանվի Գրուդինի գովքի, ուղղակի նշեմ, որ նա հայրենասեր է, հաջողակ բիզնեսմեն, հմայիչ տղամարդ, կոմունիստ է, նորարական տեխնոլոգիաների կողմնակից։ Համաձայնեք, որ բավականին դրական հանգամանքներ են:

Կոմունիստ թեկնածուի խոսքերով՝ ՌԴ սոցիալ-տնտեսական իրավիճակը հասել է իր ճգնաժամային պիկին, և երկրում ուղղակի նախահեղափոխական դրություն է: «Մեր երկիրը միակն է աշխարհում, որտեղ ամեն ինչ լավ է, իսկ աղքատության մակարդակն անցել է բոլոր իրատեսական սահմանները: Հարուստները չափից շատ քիչ են, աղքատները` չափից շատ, սա նախահեղափոխական դրություն է»:

Գրուդինը երկար տարիներ ղեկավարել է մերձմոսկովյան մեծ գյուղատնտեսական տնտեսություն և էական նշանակություն է տալիս գյուղոլորտում տիրող իրավիճակին և իր դրույթներում էական նշանակություն է տալիս դրանց: Նրա բնորոշմամբ՝ ՌԴ գյուղոլոտն անկումային մակարդակին է և ամբողջությամբ կախված է պետբյուջեից․ ոչ մի ինքնաբավ տնտեսություն չկա: Նախագահի թեկնածուն իր ելույթներից մեկում հայտարարել է, որ ռուսական արտահանվող ապրանքները կա՛մ երրորդ երկրներից են ՌԴ անունի տակ քողարկված կամ ուղղակի ամենացածրորակն են: Գրուդինը պաշտոնապես հայտարարել է նաև, որ ՌԴ-ում գյուղի ամբողջական զարգացման արմատական տեսլական ուղղակի չկա:

Կոմունիստ Գրուդինը հաճախ է զուգահեռներ անցկացնում ամերիկյան իրականության հետ, նաև օրինակներ բերում ԱՄՆ-ի նախագահների գործողություններից, հատկապես Ռուզվելտից և Լինքոլնից: Նրա բնորոշմամբ` ՌԴ գյուղատնտեսության ներկայիս վիճակը կարելի է հաղթահարել առաջնորդվելով և ստիմուլ ստանալով Մեծ ճգնաժամի ճամանակ ԱՄՆ-ի տնտեսության հաղթահարման քայլերով:

Դեռևս դժվար է որևէ լուջ գնահատականներ և կանխատեսումներ անելը Գրուդինի քաղաքական ապագայի կամ քաղաքական դիրքորոշումների մասին, դրա համար ուղղակի որոշակի ժամանակ է պետք, իսկ ներկայումս մի բան ակնհայտ է` քաղաքական արենայում հայտնվել է նոր, աշխույժ և թարմ կերպար: Իսկ ահա, թե ինչպիսին կլինի նրա նախընտրական ծրագիրը, կամ, ասենք, ինչպես նա ընտրազանգվածի մոտ կընկալվի որպես Պուտինին մրցակից, հնարավոր կլինի փաստել միայն փետրվարի վերջին:

Հ.գ. Դեկտեմբերի 7-ին արտասահմանյան բուքմեյքերական գրասենյակները սկսել են խաղադրույքներ ընդունել Ռուսաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ: Betfair խաղադրույքների բորսան Վլադիմիր Պուտինի հաղթանակի շանսերը գնահատում է 1.05 գործակցով (օրինակ` 100 ռուբլի խաղադրույքը հաղթանակի դեպքում կդառնա 105 ռուբլի): Վլադիմիր Ժիրինովսկիի հաղթանակը գնահատվում է 12.40, իսկ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիինը՝ 26.00 գործակցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել