Հոդվածաշարի այս հատվածում կանդրադառնանք Աֆղանստանում իշխանությունն իր ձեռքը վերցրած Թալիբանի՝ այլ պետությունների հետ հարաբերություններին 1996-2001 թթ., ինչպես նաև կքննարկենք շարժման կողմից ստեղծված Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը միջազգայնորեն ճանաչած և չճանաչած պետությունների շահերը և նպատակները:

Թալիբանի համար մեկ խնդիրը համարվում էր իր միջազգային ճանաչմանը հասնելը: Սակայն ինչպես հետագայում պարզվեց, այն շատ ավելի բարդ խնդիր էր: Որպեսզի կարողանանք հասկանալ Թալիբանի առջև ծառացած այս խնդիրը, մեզնից կպահանջվի ավելի համակողմանի մոտեցում ցուցաբերել ճանաչման հարցին, և այն իրադարձություններին, որոնք հաջորդեցին Թալիբանի կողմից Կաբուլի գրավմանը:

Առաջին հերթին հասկանանք, թե իրենից ինչ է ներկայացնում պետության միջազգային ճանաչումը: Միջազգային իրավական ճանաչումը պետության միակողմանի կամավոր ակտն է, որով նա նպատակահարմար է գտնում իրավաբանական հարաբերությունների մեջ մտնել ճանաչվող կողմի հետ: Այդպիսի կողմ կարող է լինել նոր առաջացած պետությունը, նոր կառավարությունը, անկախության համար պայքարող ազգի կամ ազգային-ազատագրական շարժումը, ապստամբած և պատերազմող կողմը, միջազգային կազմակերպությունը:

Թալիբանյան իշխանությանը նախորդած կառավարության դեպքում պետք է նշել, որ տարիներ շարունակ այն ճանաչված է եղել աշխարհի պետությունների մեծ մասի, այդ թվում նաև՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների կողմից:

1996 թվականի սեպտեմբերին Թալիբանը զավթեց Կաբուլը և շուտով իր վերահսկողությունը սահմանեց Աֆղանստանի մեծ մասի վրա՝ ստեղծելով Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը այն դեպում, երբ Հյուսիսային դաշինքը կարողանում էր վերահսկել միայն հյուսիսը: Թալիբանի կողմից ստեղծված պետությունը ճանաչվեց միայն Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Միացյալ Արաբական Էմիրությունների կողմից: Սակայն միջազգայնորեն ճանաչված, լեգիտիմ կառավարությունը համարվում էր Աֆղանստանի Իսլամական Հանրապետության կառավարությունը: Այս կազմավորումը չի ճանաչվել Միավորված ազգերի կազմակերպության կողմից: Ի դեպ, այս հակամարտության ընթացքում Թալիբանը ռազմական աջակցություն էր ստանում Պակիստանից, իսկ նյութապես աջակցում էր Սաուդյան Արաբիան: Ավելին, Պակիստանը ներխուժեց Աֆղանստան՝ այնտեղ հրետանային դիվիզիաներ տեղակայելով: Մեկ այլ ահաբեկչական խմբավորում, որը հանդիսացավ 2001թ. ԱՄՆ-ի՝ աֆղանական կոնֆլիկտում ուղղակիորեն ներքաշվելու պատճառներից մեկը՝ Ալ-Կաիդան աջակցում էր Թալիբանին՝ նրան տրամադրելով հազարավոր զինյալներ Պակիստանից, Կենտրոնական Ասիայից և արաբական երկրներից:

Թալիբանի միջազգայնորեն չճանաչման գլխավոր պատճառներից մեկը այն է, որ վերջինս արհամարհում էր մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը՝ ապացուցելով դա իր գործողություններով և նրանով, թե ինչ եղանակով այն եկավ իշխանության: Իշխանության հասնելու ճանապարհին առաջին քայլերից մեկը Աֆղանստանի նախկին կոմունիստ նախագահ Մուհամմեդ Նաջիբուլլայի սպանությունն էր: Նախքան Թալիբանը կգրավեր աֆղանական մայրաքաղաքը, Նաջիբուլլան ապաստան էր գտել Կաբուլում՝ ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքում: Թալիբանի կողմից այս արարքը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում էր:

Ավելին, Թալիբանյան ռեժիմը հատկապես խստորեն քննադատվեց 1998 թվականին Աֆղանստանի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Մազար-ի-Շարիֆում իրանական հյուպատոսարանի գրավման և դիվանագիտական ներկայացուցիչների սպանության համար: Այս կապակցությամբ հարաբերությունները Աֆղանստանի իսլամական էմիրության և Իրանի միջև խիստ լարվեցին: Իրանը, մոտ 250000 զինվոր տեղակայելով իրանա-աֆղանական սահմանին, սպառնաց ներխուժել Աֆղանստան: Սպասվելիք հնարավոր պատերազմը կանխվեց միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Միացյալ Նահանգների միջամտությամբ:

Թալիբանը աջակցում էր իսլամիստ զինյալներին Չեչնիայում և Սինցզյանում՝ սրանով միաժամանակ հակադրվելով Ռուսաստանի Դաշնությանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը:

Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը ճանաչած պետությունները՝ Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, փորձում էին համոզել Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Չինաստանին հետևել իրենց օրինակին, բայց Միացյալ Նահանգների դեպքում Օսամա Բեն Լադենի հետ կապված խնդիրները հօդս ցնդեցրին Թալիբանի հետ լեզու գտնելու բոլոր հնարավոր միջոցները՝ նույնիսկ հաշվի չառնելով նաև այն, որ Թալիբանը 2000 թվականին անսպասելիորեն որոշեց արգելել օփիումի արտադրությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցել UNOCAL-ի նախաձեռնած՝ Կենտրոնական Ասիայից Արաբական ծով ձգվող նավթամուղների շինարարությանը:

Կարճ ժամանակ անց Միացյալ Արաբական Էմիրությունները հրաժարվեց Թալիբանյան կառավարության ճանաչումից: Պետության արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներից մեկն այդ ժամանակ ասել էր. «Միացյալ Արաբական Էմիրությունները այլևս չի հավատում, որ հնարավոր է շարունակել պահպանել դիվանագիտական հարաբերությունները մի պետության հետ, որը հրաժարվում է շփումներ ունենալ միջազգային հանրության հետ»:

Ցանկանալով մեծացնել իր ազդեցությունը Աֆղանստանում՝ 2001 թ. Պակիստանը հրաժարվեց այլևս ճանաչել Թալիբանը որպես Աֆղանստանի օրինական կառավարություն: Պակիստանցի մի քանի մասնագետներ այդ ժամանակ այն կարծիքին էին, որ այս քայլը լավ ժեստ է՝ ուղղված Հյուսիսային դաշինքին, որը այդ ժամանակ վերահսկում էր Կաբուլը: Միևնույն ժամանակ Իսլամաբադը պարզ հասկացնում էր, որ չի հանդուրժի Աֆղանստանում ձևավորված այն կառավարության գոյությունը, որտեղ կգերակշռեին Հյուսիսային դաշինքի ներկայացուցիչները:

Պակիստանում գտնվող Թալիբանյան բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները, բացառությամբ Իսլամաբադում գտնվող դեսպանատնից, փակվեցին՝ համաձայն արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների տվյալների: Ավելի վաղ, խոսելով մամլո ասուլիսի ժամանակ՝ Պակիստանի արտաքին գործերի նախարար Աբդուլ Սաթթարը Հյուսիսային դաշինքին տվեց հետևյալ բնորոշումը. «Հյուսիսային դաշինքի վերահսկողություն աֆղանական մայրաքաղաքում, նույնն է, ինչ աֆղանական որևէ խմբավորման մի ճյուղի ներկայություն Կաբուլում»: Սաթթարը նշեց, որ կվերականգնի լրիվ դիվանագիտական հարաբերությունները Կաբուլի ապագա կառավարության հետ, միայն այն դեպքում երբ այն հնարավորինս ներկայացուցչական լինի:

Նախագահ Թերվեզ Մուշառռաֆի մամլո քարտուղար գեներալ Ռաշիդ Քուրեշին նշել էր, որ Պակիստանի համար ձեռնտու է, որ Աֆղանստանի նոր կառավարությունը ունենա համամասնական կառուցվածք՝ բաղկացած լինելով Աֆղանստանի բոլոր էթնիկ խմբերից:

Պակիստանում քաղաքական վերլուծաբանները առաջ էին քաշում այն վարկածը, որ Պակիստանը, կտրելով բոլոր կապերը Թալիբանի հետ, ձգտում է ունենալ փուշտուների ավելի մեծ ներգրավվածություն Աֆղանստանի՝ ՄԱԿ-ի կողմից օժանդակվող ժամանակավոր կառավարությունում (փուշտուները Աֆղանստանի ամենամեծ էթնիկ խումբն են կազմում, որն էլ իր հերթին հանդիսանում էր Թալիբանի ստեղծման հիմնական մարդկային ռեսուրսը): Պակիստանի կառավարությունը իր ներքին քաղաքական դաշտում լուրջ քննադատությունների էր արժանանում՝ կապված Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումներով, հատկապես երբ Թալիբանյան իշխանության հանկարծակի տապալումով, ինչը թույլ տվեց Հյուսիսային դաշինքին տիրանալ երկրի գրեթե 80 տոկոսին: Շատ մասնագետներ այն կարծիքին են, Պակիստանից շատ ժամանակ պահանջվեց Թալիբանը դարձյալ չճանաչելու համար:

Սաուդյան Արաբիան 2001թ. սեպտեմբերի 26-ին հայտարարեց, որ խզել է հարաբերությունները Աֆղանստանի հետ, որովհետև իշխող Թալիբանյան ղեկավարությունը աջակցում է «հանցագործներին և ահաբեկիչներին»:

Սաուդյան Արաբիան պաշտոնական հայտարարությամբ ընդգծում էր, որ Սաուդյան Արաբիան սառեցնում է դիվանագիտական հարաբերությունները, որովհետև «Թալիբանը արհամարհում է թագավորության կողմից արված ցանկացած փորձ՝ համոզելու դադարեցնել հանցագործներին և ահաբեկիչներին ցուցաբերվող օժանդակությունը, վերջիններիս զինելը, մարզելը, պատրաստելը՝ դարձնելով երկիրը հենարան և ապաստան նրանց համար»: Հայտարարության մեջ նաև ասված էր. «Թալիբանը օգտագործեց այն հատուկ կարգավիճակը, որ ստացել էր աֆղանացի ժողովուրդը այս ամբողջ ժամանակահատվածում՝ վերածելով երկիրը հանցավոր մարդկանց՝ հատկապես թագավորության քաղաքացիների համար գրավիչ, նրանց հավաքագրման, պատրաստման կենտրոն հանցագործություններ կատարելու համար, որոնք ոտնահարում են բոլոր կրոնները և համոզմունքները: Թալիբանը շարունակում է հրաժարվել այս հանցագործներին հանձնել արդարադատությանը: Թալիբանի այս վարքագիծը նպատակ ունի հեղինակազրկելու իսլամը և մահմեդականներին ամբողջ աշխարհում»:

Հայտարարության մեջ տողատակերում կարելի է մատնանշել Օսամա բեն Լադենին՝ ծնունդով Սաուդյան Արաբիայից Ալ-Կաիդայի առաջնորդին, որին փնտրում էին Առևտրի համաշխարհային կենտրոնի և Պենտագոնի վրա 2001 թվականի սեպտեմբերի 11-ին կատարված հարձակումների համար: Բեն Լադենը 1996 թվականից ապրում էր Աֆղանստանում՝ Թալիբանի հովանու ներքո, որը հրաժարվում էր հանձնել նրան վերոնշյալ իրադարձություններից հետո:

«Չնայած նրան, թե ինչ է պատահել, և ինչ է լինում»,- ասվում է հայտարարության մեջ,-«Թալիբանյան կառավարությունը դեռ շարունակում է օգտագործել իր տարածքը թաքցնելու, զինելու և քաջալերելու այն հանցագործներին, որոնք իրականացնում են ահաբեկչական գործողություններ, որոնք էլ իրենց հերթին սարսափի մեջ են պահում նրանց, ովքեր ապրւմ են խաղաղության մեջ»:

Դիվանագիտական հարաբերությունների խզմամբ Սաուդյան Արաբիան ավելի հեռուն գնացող նպատակներ ուներ: Առաջին պատճառներից մեկը այն էր, որ այս թագավորությունը հանդիսանում էր իսլամի ամենասուրբ վայրերի՝ Մեքքայի և Մեդինայի պահապանը: Սաուդյան Արաբիան 1997 թվականին Թալիբանին ճանաչեց որպես Աֆղանստանի կառավարություն, միայն այն բանի համար, որ մեկ տարի անց սառեցներ հարաբերությունները՝ կապված Աֆղանստանում Բեն Լադենի ներկայութան հետ, որը Թալիբանի «հյուրն» էր: Բեն Լադենը Սաուդյան Արաբիայի քաղաքացիությունից զրկվեց 1994 թվականին:

1996 թվականի հոկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց N1076 բանաձևը՝ կոչ անելով աֆղանական կողմերին վերջ դնել ռազմական գործողություններին և ներգրավվել քաղաքական երկխոսության մեջ, որը կարող է օգնել հասնելու կողմերի հաշտեցմանը: Այն կրկնում էր իր խորին անհանգստությունը այն մասին, որ այս հիմնախնդիրը պարարտ հող է նախապատրաստում ահաբեկչության, թմրանյութերի շրջանառության, թրաֆիկինգի և նմանատիպ հանցագործությունների համար: Գլխավոր վեհաժողովը Անվտանգության խորհրդի հետ համատեղ դատապարտեց նաև սեպտեմբերի 26-ին նախկին նախագահ Նաջիբուլլահի և նրա եղբոր դաժան սպանությունը Թալիբանի կողմից (Վեհաժողովի N 51/108 բանաձև, ԱԽ հայտարարություն N S/PRST/1996/40 ):

Ինչպես նշվեց վերևում, Թալիբանի շուրջ ամպեր կուտակվեցին սկսած այն պահից, երբ Ալ-Կաիդա ահաբեկչական խմբավորման առաջնորդ Օսամա բեն Լադենը ապաստան գտավ Թալիբանի հովանու ներքո, և դրան հաջորդեց 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների շարքը ԱՄՆ-ում: Մերժում ստանալով հանձնել Բեն Լադենին՝ ԱՄՆ ներխուժեց Աֆղանստան: Այս պատերազմում Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցը Միացյալ Թագավորությունն էր: 2003 թվականից ՆԱՏՕ-ն ևս ներգրավվեց ռազմական գործողություններում: Ռազմական գործողությունների սկսումից մի փոքր անց՝ նոյեմբերի 12-ին ընկավ Կաբուլը, որն էլ իր հերթին կանխորոշեց դեպքերի հետագա զարգացումը և Թալիբանի պարտությունը:

Թալիբանն այսօր էլ փորձում է վերականգնել իր երբեմնի գերիշխանությունը Աֆղանստանում՝ դիմելով ահաբեկչին հատուկ գործողությունների՝ սարսափի մատնելով սեփական ժողովրդին:

Մելինե Հայրապետյան

Հոդվածաշարի նախորդ մասերը կարող եք կարդալ ստորև.

Մաս առաջին

Մաս երկրորդ

Մաս երրորդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել