Այն, ինչ նախօրեին տեղի ունեցավ խորհրդարանում, բավականին ուշագրավ էր նրանով, որ բոլորս ականատես եղանք ժողովրդավարության «յուրահատուկ» դրսևորման. ամեն միջոց կիրառելով՝ մարդիկ ԱԺ կանոնակարգ օրենքը ըստ արժանվույն ծառայեցրին իրենց քաղաքական մանիպուլյացիաներին:

Մի քանի դրվագ կատարվածի մասին. ամեն ինչ սկսվեց նրանից, որ նիստի մեկնարկին «Ելք»-ի պատգամավորներն իրենց ողջ «արսենալով» գրոհեցին Հ1-ի ուղղությամբ` լուրերի ժամանակ իրենց ուղղված քննադատությունը համարելով «իշխանական պատվեր» և հերթական «արջի ծառայություն»: Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով Դատական օրենսգրքի սահմանադրական օրենք լինել-չլինելու փաստին, կոշտ գնահատականներ հնչեցրեց ԱԺ-ի հասցեին` այն որակելով «անհասկանալի քննարկումներ» և պատգամավորներին մեղադրեց անիրազեկ լինելու մեջ: Ընդդիմությունից հետ չմնացին նաև ՀՀԿ-ականները, ովքեր ակնարկներով ամեն կերպ փորձեցին հակադարձել նախարարին:

Հաջորդ ռաունդի հերոսներն արդեն «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչներն էին, ովքեր թունդ բնորոշումներով ներկայացրին իրենց դժգհությունը (ըստ էության սա նաև քաղաքական տեխնոլոգիայի դասական կիրառում էր, երբ Ազիզյանի քվեարկության թեման մի տեսակ «ջրելու» համար, ասենք, Մելքումյանը խոսեց հունվարյան թանկացումներից, իսկ Զոհրաբյանի բնորոշմամբ` իշխանությունները Սահմանադրությունը սարքեցին «պոլի շոր»): «Ծառուկյանցիներն» այս ամենից հետո շատ կազմակերպված լքեցին նիստերի դահլիճը` այդ կերպ բոյկոտելով կառվարության կողմից հրավիրած արտահերթը:

Բայց սրանք միայն ծաղիկներն էին: Իրավիճակն ավելի սրվեց, երբ ԱԺ նախագահը որոշեց կրկնել նախօրեին սկանդալի առիթ հանդիսացած «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների փաթեթի» քվեարկությունը` հիմնավորելով, որ Ռուստամ Մախմուդյանի կոճակը չի աշխատել: Սա «Ելքի» մոտ էմոցիաների, ինքնահաստատման մի յուրահատուկ ալիք բարձրացրեց: Մեկը մյուսին հերթ չտալով` նրանք բողոքում էին, թե նախօրեին նմանատիպ վիճակում վերաքվեարկություն չի կատարվել, և սրանով էլ սկսվեց ԱԺ պատմության մեջ ամենաերկար «կոֆե բրեյք»-երի շարքը:

Քվեարկության նախատեսված 11 օրինագծերի քվեարկությունները տևեցին մինջև 16:30-ը. յուրաքանչյուր քվեարկությունից առաջ Նիկոլ Փաշինյանը վերցնում էր 20 րոպեանոց «թայմ աութ»` հավանաբար ակնկալելով, որ ՀՀԿ-ականների նյարդերը տեղի կտան, և ինչ-որ նոր սկանդալային «ինցիդենտ» կգրանցի իր հաշվին: Սակայն տեղի ունեցավ հակառակը: ՀՀԿ-ի «բրիգադը» մի մարդու նման մնաց մինչև վերջ` չնայած անհատական պոռթկումներին: Թեմայի մեջ մնալու համար թամաշի մեջ մտավ նաև ՀՅԴ-ն․ մի հատ տուշ էլ նրանք պատվիրեցին` ընդմիջումների քանակը ևս մեկով ավելացնելով:

«Ելքի» հուսահատ գործողությանը թերևս հնարավոր լիներ ըմբռնումով մոտենալ, եթե խոսքը երկրի օրենսդիր մարմնի մասին չլիներ, որը սոսկ 105 պատգամավորի հավաքատեղի չէ, այլ մոտ 3 միլիոն քաղաքացիների հույսերի ու ակնկալիքների կիզակենտրոն: Բայց եթե խորհրդարանն է արդեն իջել մանկական խաղեր խաղալու աստիճանին, ապա ոչ միայն Սադի գոքորները, այլև ընդհանրապես բոլոր վայրերի գոքորները ծանր հուսահատություն ապրելու շատ լուրջ հիմքեր ունեն:

Փաստացի՝ նախօրեին տեղի ունեցածին կարելի է տալ նաև ժողովրդավարություն կամ պառլամենտարիզմի դրսևորում տերմինը, սակայն այն մարազմն ու սատիրան, որին ականատես եղանք, իրականում կիլոմետրերով հեռու է վերոնշյալ կատեգորիաներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել