«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Լյուստրացիա» բառն ունի իր բուն իմաստը՝ «մաքրազարդում», պետականորեն գործած հանցանքների ընդունում և դրանք չկրկնելու երաշխիքների ստեղծում: Լյուստրացիայի մեղմ, զուտ բարոյական պատասխանատվություն ենթադրող տարբերակը գուցեև ընդունելի է: Կարծր տարբերակը, երբ մենք փորձում ենք «հաշիվներ մաքրել»՝ միմյանց ինչ-ինչ բաների մեջ մեղադրելով, ինձ թվում է, ավելորդ լարում է առաջացնում հասարակության մեջ: Ռուսաստանը, ինչպես հայտնի է, մերժում է անգամ մեղմ տարբերակը, և ներկայումս այդ երկրի Անվտանգության դաշնային ծառայության պետը բացահայտորեն արդարացնում է ստալինյան բռնաճնշումները, որոնց զոհ դարձան միլիոնավոր անմեղ մարդիկ: Այսինքն՝ ըստ ժամանակակից Ռուսաստանի անվտանգության ղեկավարի, այդ միլիոնավոր գնդակահարված կամ «Գուլագում» խոշտանգված մարդիկ իսկապես արտասահմանյան լրտեսներ էին, «տրոցկիստներ» և վնասարարներ: Չի ստացվում Ռուսաստանում խաչ քաշել անցյալի չարագործությունների վրա: Ցավալի է, բայց դա, ի վերջո, իրենց գործն է:
 
Բայց «լյուստրացիա» բառն ունի նաև այլ իմաստներ: Հայկական ֆեյսբուքում, օրինակ, «լյուստրացիա անել» նշանակում է բացահայտել հասարակության մեջ «բարեկամների» և «թշնամիների»: Այդ «բացահայտման» ամենապարզունակ ձևը հետևյալն է: Գրում ես մի «ստատուս», որը որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հասցեին թունդ հայհոյանք է պարունակում, և ավելացնում ես՝ ով որ տակը «խաչ» դրեց, «պայքարող տեսակ է» և «ապագա պայծառ Հայաստանի կերտող», ով չդրեց՝ «ռեժիմի սպասարկու է»: Եվ հետո, երբ մեկնաբանությունների «պատկառելի» պաշար է հավաքվում, եզրակացնում է՝ «ահա ձեզ բնական լյուստրացիա»: Այնինչ այն՝ իրական լյուստրացիան, կոչված է ոչ թե բաժանել, այլ միավորել մարդկանց՝ անցյալի մեղքերից մաքրելով:
 
Այդ իմաստով ԱՄՆ նախագահ Ռոնալդ Թրամփը նույնպես «լյուստրացիա» է անում: Ընդունում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ավելի քան վիճահարույց որոշում և հետո սպառնում՝ դրան դեմ երկրներին մենք մեր փողերից կկտրենք: Իրականում երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Թրամփի սպառնալիքներից վախեցավ մի քանի երկիր, և Միացյալ Նահանգների կողքին հայտնվեցին այնպիսի պետություններ, ինչպիսիք են Գվատեմալսսն, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն: Հայկական իմաստով պետությունների «բնական լյուստրացիան» չհանգեցրեց շատ տպավորիչ արդյունքների: «Լյուստրացիա» բառն իր ծագումնաբանությամբ լուսավոր, պայծառ բան է նշանակում: Այն կապ չունի մարդկանց մթին բնազդների հետ»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել