Խոսքեր պե՛տք չեն ինձ այսօր, լռե՛ք, ոչինչ չեմ ուզում լսել: Չեմ ուզում տեսնել ձեր` կեղծ ցավի մեջ թաթախված աչքերի փայլը, չեմ ուզում, որ ցավակցեք, չեմ ուզում, որ խղճաք: Դուք, որ ձեզ Եվրոպա, Ամերիկա կամ այլ տեղանուններ եք տալիս, դուք, որ ձեր ընչաքաղց փորերը գրկած լուռ հետևել եք անմեղ հոգիների աճուրդին, իրավո՛ւնք անգամ չունեք այսօր ձեզ քաղաքակիրթ, մարդասեր, ճշմարիտ ու ՄԱՐԴ անվանել: Դուք սովորական ճիվաղներ եք` հրեշտակի դիմակով: Իսկ այսօր դուք դեռ երկար ճառեր եք ասելու, խաղալու եք մի ողջ ազգի ցավի, ապրումների, վախերի ու կարոտի հետ` ականջներդ խուլ, աչքներդ կույր պահելով: Ես հերքում եմ ձեր էությունը, հերքում եմ ձեր կեղծ բարեպաշտությունը, ձեր ցնցոտիավոր խղճահարությունը, ձեր` վերևից ներքև պարզած ձեռքը, որ ամեն ժամ պատրաստ է բռունցք դառնալ: Ես հերքում եմ մեր ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ: Ես թերթում եմ մեր` դժբախտության մութ ու սև էջերը, բացում եմ նոր` պայծառ ու լուսավոր նոր էջ, որտեղ չկաք դուք և ձեր նմանները, կամ ես, կա իմ եղբայրը, ու մենք կողք կողքի ենք` միասին ու միասնական:
Վրեժ չեմ տենչում և ոչ էլ`արյուն արյան դեմ: Միասնություն եմ տենչում, երբ ամենքը մեկ դարձած` մաքրվենք ներքին ճիվաղներից ու պատմության ապտակը դաջենք արտաքին ճիվաղների հազարավոր երեսներից մեկին: 
Մեր միասնական ուժի դեմ ընկրկում է յուրաքանչյուր ոսոխ, Արցա՛խը վկա: Մեր միասնական ուժն են տենչում նահատակ հոգիները, մեր միասնական ուժին են սպասում Մասիսները, Վանը, Բիթլիսը, Սասունը, Ադանան... Մենք դատապարտված ենք միասնության ու... ԿՅԱՆՔԻ:
Մենք պիտի ապրենք, մենք պիտի լինենք, ոչ թե հակառակ նրանց, ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ ՀԱՆՈՒՆ, հանուն մեզ, հանուն այն արյան, որ մեր երակներում է հոսում, հանուն այն գենի, որով միմյանց ճանաչում ենք, հանուն այն հոգիների, որ այնտեղ` լույսի անհուններից մեզ են նայում: Մենք պիտի ապրե՛նք. մեզանից յուրաքանչյուրն իր մեջ կյանքեր է տանում` չապրած ու ընդհատված կյանքեր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել