Երեկ մի նյութ էինք հրապարակել այն մասին, որ Երևանի երթուղայիններում ահավոր շատացել են գրպանահատության դեպքերը։ Խնդիրն աղաղակող ու անհանգստացնող է, բայց ավելի անհանգստացնող էր ֆեյսբուքյան բիոմասսայի որոշ ներկայացուցիչների արձագանքը։

Ընդհանրապես նկատե՞լ եք, թե ինչ տոլերանտ է հասարակության մի ստվար զանգված գողության, կողոպուտի, ավազակության ու այլ քրեական զանցանքների նկատմամբ։ Ու գրեթե միշտ սրանք ունեն «պատ ծակող» մի փաստարկ (սովորաբար՝ լատինատառ, երեմն էլ՝ Caps Lock լատինատառ գրված)՝ «ժողովուրդը սոված ա, չի կարելի մեղադրել, ուրիշ ճար չեն տեսնում»։

Մենք վատ ենք ապրելու այնքան ժամանակ, մինչև ազգաբնակչության հոծ մեծամասնությունը կատեգորիկ չլինի նույն ջեբկիրության հարցում․ դա տականքություն է։ Կարևոր չէ, թե ում գրպանից ես գողանում՝ մեծահարուստի՞ (որը գրեթե անհնար է), թե՞ միջին ու աղքատ դասերի ներկայացուցիչների (գրեթե միշտ աղքատին են թալանում)։ Տականքություն է, որովհետև ուրիշի քրտինքով վաստակած փողը յուրացնելը ստորություն է, տականքություն է, որովհետև դա մեղք է, տականքություն է, որովհետև միայն ցածր, ծույլ ու վատ մարդն է, որ պատրաստ է ուրիշի դժբախտության հաշվին լավ զգալ։

Մենք վատ ենք ապրելու այնքան ժամանակ, մինչև մեր ազգաբնակչության զգալի մասը չդադարի գողական աշխարհի կանոններով ու ընկալումներով ապրել, ասել՝ «գողցողի հետևից քֆուր չեն անում», մտածել, որ ձեռքից բռնած ջեբկիրին կարելի է ծեծել, բայց չի կարելի ոստիկանությանը հանձնել, որ գնա մի քանի տարի դատվի (ո՜նց, մենք հո գործ տվող չե՞նք)։ Ու վերջապես, մենք վատ ենք ապրելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասկացել, որ «քֆուր անել» պետք է ոչ միայն ջեբկիրի հետևից, այլև այդ ջեբկիրին արդարացնող ու «ժողովուրդը սոված է ու այլ ելք չէր տեսնում» աշխարհայացքով ապրողներին։ Դե, հայհոյել պետք չէ, իհարկե, բայց պարսավանքի ենթարկել պետք է, որ էդ հոտի հոգեբանությունն այլ կողմ մղի նրանց։

Հ․Գ․ Երբ մի հասարակություն պատրաստ է արդարացնել ու պաշտպանել գողությունը, ապա ժամանակի ու իրավիճակի հարց է, թե երբ կսկսեն արդարացնել սպանությունն ու ահաբեկչությունը, ինչն էլ, մեծ հաշվով, կատարվեց 2016-ի ամռանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել