Վերջին մի քանի օրերին բիթքոին կրիպտոարժույթը բավականին լայն թափով, որոշ մարդկանց համար անհասկանալի թանկացավ` հասնելով ընդհուպ 17000 դոլարի սահմանի: Քանի որ հանրության բավական մեծ հատվածի համար անհասկանալի է, թե ինչի մասին է խոսքը, մի քանի դիտարկում բիթքոին կոչվածի մասին:

Բիթքոին էլեկտրոնային արժույթը, երբ 2013թ.-ին մուտք գործեց հանրության գիտակցություն, առավել քան հրապուրիչ էր. սա թվային արժույթ է, որով կարելի է գնել ցանկացած բան` թմրանյութերից մինչև լուցկի: Այժմ բիթքոինի շուրջ հետաքրքրության նոր ալիք կա, սակայն ոչ այդքան հրապուրիչ. խոսքը բլոկչեյն գործարքների առցանց գրանցամատյանի մասին է: Բլոկչեյնը (բլոկների շղթա) թվային տեխնոլոգիա է, որը կիրառվում է բիթքոինով կատարվող գործարքները հաստատելու և գրանցելու համար, եւ համարվում է, որ ունի համաշխահային ֆինանսական համակարգի եւ, հնարավոր է, այլ ոլորտների վերափոխման ներուժ:

Բիթքոինը (անգլ. bit՝ ինֆորմացիայի չափման միավոր և coin՝ մետաղադրամ) ստեղծվել է 2009 թվականին Սատոսի Նաքամատո կեղծանունով մի մարդու (հնարավոր է նաև մարդկանց խմբի) կողմից, ում իրական անձի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա: Սատոսի Նակամատոյի նպատակն էր` մարդկանց հնարավորություն տալ փոխանակելու իրենց արժույթը էլեկտրոնային եղանակով, առանց երրորդ կողմի միջամտության:

Ի տարբերություն մյուս արժույթների` բիթքոինը կախված չէ արժույթի թողարկմամբ զբաղվող որևէ կառույցից: Ձեռք բերված վիրտուալ դրամը պահպանվում է համակարգչային «դրամապանակում»` wallet.dat կոչված ֆայլում: Հատուկ հասցեի կիրառմամբ բիթքոին կարող է ուղարկվել ցանցի ցանկացած օգտատիրոջ: Այս համակարգից օգտվելիս պարզապես անհնար է օգտագործել այլ անձանց դրամական միջոցները կամ սեփական միջոցներն օգտագործել ավելի քան մեկ անգամ: Անվտանգության ապահովման համար կիրառվում են գաղտնագրային հատուկ մեթոդներ: Բիթքոինը ենթադրում է դրամական միջոցների անանուն տնօրինում և ակնթարթային փոխանցում:

Իսկ ինչպե՞ս ձեռք բերել բիթքոիններ: Դրա համար կա երկու եղանակ. առաջինը` բիթքոինների «արարման»`գեներացիայի համար ձևավորված մի մեթոդ է, որ կոչվում է mining (հանքագործություն), երկրորդը պարզ գնումն է՝ մյուս օգտատերերին ապրանք կամ սովորական արտարժույթներ վաճառելով: Բիթքոինների գեներացիայի ժամանակ համակարգչում աշխատում է հատուկ ծրագիր, որը ներբեռնվում է բիթքոինի պաշտոնական կայքից (bitcoin.org): Այնուհետև ներբեռնվում է mining-ի համար նախատեսված ծրագիր: Ծրագիրը սկսում է լուծել մաթեմատիկական բարդ հավասարումներ, որոնցից յուրաքանչյուրի հաջող լուծման դեպքում ձեռք են բերվում համապատասխան քանակությամբ բիթքոիններ: Սակայն հնարավոր է, որ մեկ ուրիշ օգտատիրոջ առավել հզոր համակարգիչը շատ ավելի արագ լուծի այդ խնդիրը, ուստի ձեռնունայն չմնալու և արդյունավետ աշխատելու նպատակով օգտատերերն այսօր միավորվում են՝ ստեղծելով mining-ի խմբեր:
Բիթքոիններ գնելու համար համակարգչում անհրաժեշտ է ունենալ կա՛մ, այսպես կոչված, դրամապանակային ծրագիր (wallet software), կա՛մ առցանց դրամապանակ (online wallet): Գնման գործընթացը, ճիշտ է, շատ ջանք չի պահանջում, սակայն ժամանակատար է:

Այս արժույթի վերաբերյալ կա հակասական մոտեցումներ, ըստ որի` կիբերաժույթն ավելի ապահով է, քանի որ այն չի վերահսկվում որևէ մարմնի կողմից և կախում չունի քաղաքական կամ տնտեսական ճգնաժամերից: Բացի այդ՝ այն ամբողջությամբ անանուն է և պահպանում է համակարգի մասնակիցների գաղտնիությունը, և հակառակ` անանունությունն, ըստ էության, անպաշտպան է դարձնում վիրտուալ վճարային այս համակարգի մասնակիցներին, քանի որ գործարքների մեքենայությունների կամ ցանցահենությունների դեպքում հնարավոր չէ դիմել բիթքոին թողարկող պաշտոնական որևէ կառույցի, որտեղ կլուծվեն կոնֆլիկտային վիճաբանություններն ու անվտանգության հետ կապված խնդիրները:

Բիթքոինի հակառակորդների համոզմամբ` սոցիալական հարաբերությունները բարելավելու համար բավարար չէ ընդամենն ունենալ նոր տեխնոլոգիա, քանզի ոչ բոլորն են պատրաստ օգտվել մի արժույթից, որը բոլորովին նոր է, ունի տատանվող փոխարժեք, և քչերը կգտնվեն, ովքեր պատրաստ են նախքան բիթքոինով վճարումներ կատարելը զրոյից սկսել շուկայական հարաբերությունների ուսումնասիրումը: Իրական կյանքում բիթքոինով որևէ բան ձեռք բերելն առայժմ այնքան էլ հեշտ չէ: Նախագծի պաշտոնական կայքում տեղադրված քարտեզում հիշատակվում են աշխարհի ընդամենը մի քանի տասնյակ հաստատություններ, որտեղ հնարավոր է կիրառել կիբերարժույթը: Դրանք հիմնականում սրճարաններ են, սուպերմարկետներ, մոթելներ, զբոսաշրջային գրասենյակներ:

2013-ին կանադացի ներդրող, TDV Media ընկերության գործադիր տնօրեն Ջեֆ Բերուիքը մարտի 25-ին հայտարարել է Կիպրոսում աշխարհի առաջին բիթքոին-բանկոմատը տեղադրելու իր ծրագրի մասին: Ըստ Բերուիքի` բիթքոինի բացառիկ բանկոմատները ապահովված կլինեն համակարգչային մի ծրագրով, որը հնարավորություն կընձեռի ավանդական արժույթը փոխանակել բիթքոինով` վիրտուալ արժույթով, և հակառակը:

2010 թվականին բիթքոին կրիպտոարժույթի գինն ընդամենը 1 ցենտ էր: 2017 թվականի նոյեմբերի 29-ին այն հատել է 11000 դոլարի շեմը, ընդ որում՝ վերջին մի քանի ամիսներին աճելով աննախադեպ տեմպերով: 2015 թվականին այն կարելի էր գնել 230-300 դոլարի սահմաններում, ուղիղ 1 տարի առաջ՝ 700-800 դոլարով, 3 ամիս առաջ՝ 3500-5000 դոլարով:

Հ.գ. Ոչ մի երաշխիք չկա, որ այն կշարունակի նույն տեմպերով թանկանալ: Շատ փորձագետներ թռիչքային աճը փուչիկ են համարում, որը կարող է ամեն պահի պայթել, որից հետո դրա փոխարժեքը զգալի կնվազի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել