Վերջին 1 շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հետաձգվում է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի այցն Իսրայել: Փոխնախագահ Փենսը տարածաշրջան էր ժամանելու դեկտեմբերի 20-ին Վաշինգտոնի՝ մերձավորարևելյան հիմնախնդրի կարգավորման նոր ծրագիրը խթանելու նպատակով: Եվ թեպետ Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության մեջ, որպես փոխնախագահի այցի հետաձգման պատճառաբանություն, արդեն երկրորդ անգամ նշվել է Սենատում տեղի ունեցած հարկային բարեփոխման քվեարկության հարցում, Թրամփի վարչակազմի ունեցած խնդիրներով պայմանավորված, Փենսի՝ ԱՄՆ-ում գտնվելու անհրաժեշտությունը, այդուհանդերձ, կասկածից վեր է, որ խնդիրն ավելի խորքային բնույթ է կրում: Ի վերջո, փոխնախագահի այցի կազմակերպիչները հազիվ թե վրիպում թույլ տված լինեին՝ նրա՝ Իսրայել կատարելիք այցի ամսաթվերը նախանշելու հարցում. հակառակը՝ ամսաթվերի ընտրությունը կարելի է պայմանավորել նաև հնարավոր մանևրների անհրաժեշտությամբ:

Բանն այն է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի միակողմանի որոշումից հետո աննախադեպ կերպով մեծացել է Վաշինգտոնի նկատմամբ անվստահության մթնոլորտը ողջ Մերձավոր Արևելքում, ընդ որում՝ ինչպես պետական, այնպես էլ հասարակական մակարդակներում: Հետևաբար, նման իրավիճակում ԱՄՆ-ի՝ փաստացի երկրորդ դեմքի այցը տարածաշրջան, բացի անվտանգային խնդիրներից, կարող է նաև ակնհայտ դարձնել մերձավորարևելյան քաղաքականության, մասնավորապես՝ իսրայելապաղեստինյան հիմնախնդրի հարցում Սպիտակ տան նոր քաղաքական ուղեգծի կատարյալ ֆիասկոն: Նշվածի համատեքստում մի կողմից պաղեստինյան կողմի անհողդողդ մերժումը՝ Փենսի հետ հանդիպման վերաբերյալ, մյուս կողմից՝ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Երուսաղեմի խնդրի առնչությամբ տեղի ունեցած արտակարգ նիստը, որը Վաշինգտոնը, միայնակ մնալով, կարողացավ տապալել միայն վետոյի իրավունքի կիրառման շնորհիվ, կանխատեսելի են դարձնում այն խնդիրները, որոնք կանգնելու են ամերիկյան որևէ բարձրաստիճան պաշտոնյայի՝ Իսրայել այցի պայմաններում: Իսկ դեկտեմբերի 21-ին արդեն ՄԱԿ-ի ԳԱ-ում նախատեսվող Երուսաղեմի հիմնախնդրի վերաբերյալ նոր քննարկումն ու քվեարկությունը որոշակիորեն կուրվագծեն աշխարհում ԱՄՆ-ի վարչակարգի քաղաքականության հանդեպ վերաբերմունքը՝ անշուշտ, նաև նախօրեին Վաշինգտոնից հնչած՝ դեմ քվեարկած երկրներին ֆինանսատնտեսական աջակցությունից զրկելու սպառնալիքի ազդեցությամբ պայմանավորված:

Սպիտակ տան կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ փոխնախագահի այցն Իսրայել տեղի կունենա 2018 թ. հունվարի կեսերին: Մինչ այդ, ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնը կուլիսային դիվանագիտության միջոցով կփորձի երկխոսության եզրեր փնտրել Պաղեստինյան ինքնավարության, նաև այլ արաբական երկրների առաջնորդների հետ՝ նպատակ ունենալով հնարավորինս մեղմել տարածաշրջանում ձևավորված հակաամերիկյան տրամադրությունները, հակառակ դեպքում, մեծ հավանականությամբ, կձախողվի (գուցե նաև դարձյալ հետաձգվի) ինչպես փոխնախագահ Փենսի այցը տարածաշրջան, այնպես էլ Սպիտակ տան՝ իսրայելապաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանը խթանելու նոր ծրագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել