Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին քննարկվելու է ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը որպես Իսրայել պետության մայրաքաղաք ճանաչման հարցը, ինչպես նաև դրվելու է քվեարկության ԱՄՆ նախագահի այդ որոշումը չեղարկելու հարցը, որը մեծ դժգոհություն է առաջացրել Վաշինգտոնում։ Կանխատեսելով քվեարկության արդյունքները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իսրայելական Times of Israel պարբերական հարցազրույց է տվել և հայտարարել. «Այն երկրները, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ կքվեարկեն մեր որոշմանն, ըստ որի՝ Երուսաղեմը ճանաչվում է Իսրայելի մայրաքաղաք, կզրկվեն ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունից։ Նրանք մեզանից միլիոնավոր և նույնիսկ միլիարդավոր դոլարներ են ստանում, իսկ հետո քվեարկում մեր դեմ։ Շատ լավ, թող քվեարկեն։ Մենք դա հաշվի կառնենք և կխնայենք ահռելի գումարներ։ Դա մեզ չի անհանգստացնում»։
Իրականում, ԱՄՆ նախագահին վաղը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում սպասվող քվեարկությունը անհանգստացնում է։ Չնայած այն իրավական հետևանքներ չի կարող ունենալ, ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումները, սակայն Վաշինգտոնը չի ցանկանում նաև ՄԱԿ-ի ԳԱ-ում պարտվել։ Հենց սրանով է պայմանավորված ԱՄՆ նախագահի բավական ագրեսիվ, սպառնալիք և շանտաժ հիշեցնող ելույթը։
Թրամփի վարչակարգը որոշել է 2018 թ-ի ԱՄՆ-ի կողմից օտար երկրներին տրամադրվող օգնությունը բաշխել տարածաշրջանային առումով։ Այսպես՝ ամերիկյան օգնության 43 տոկոսը տրամադրվելու է Մերձավոր Արևելքի երկրներին, 35 տոկոսն՝ աֆրիկյան երկրներին, 9 տոկոսը՝ Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրներին, 7 տոկոսը՝ Արևմտյան կիսագնդի երկրներին, 3 տոկոսը՝ Եվրոպային, Եվրասիային և 3 տոկոս էլ՝ Արևելյան Ասիային և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։
Թրամփի այս սպառնալիքը հիմնականում ուղղված է մահմեդական երկրներին, որոնք, ստանալով ամերիկյան օգնություն, բավական բացասաբար արձագանքեցին ԱՄՆ նախագահի՝ Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ որոշմանը։
Խոսքը գնում է Եգիպտոսի մասին, որն աշխարհում երկրորդ երկիրն է Իսրայելից հետո, ով ամեն տարի ստանում է ամենամեծ օգնությունն ԱՄՆ-ից. Վաշինգտոնը Կահիրեին է տրամադրում 1,3 միլիարդ դոլարի ֆինանսական և ռազմական օգնություն։ Հաջորդիվ գալիս են Հորդանանը՝ 1 միլիարդ դոլար, Իրաքը՝ 347 միլիոն դոլար, Արևմտյան ափը և Գազան՝ 250 միլիոն դոլար, Լիբանանը՝ 103 միլիոն դոլար, Թունիսը՝ 54 միլիոն դոլար, Մարոկկոն՝ 16 միլիոն դոլար, Լիբիան՝ 31 միլիոն դոլար, Բահրեյնը՝ 800 հազար դոլար, Օմանը՝ 3,5 միլիոն դոլար, Ալժիրը՝ 1,8 միլիոն դոլար, Ղազախստանը՝ 1,7 միլիոն դոլար, Ղրղզստանը՝ 1,46 միլիոն դոլար։ ԱՄՆ-ն նաև ֆինանսական և ռազմական օգնություն է տրամադրում Ուզբեկստանին, Ադրբեջանին, Տաջիկստանին։
Հետաքրքիր է նաև մեր հարևան Թուրքիայի դիրքորոշումն այս հարցի շուրջ, ով ամենաշատն էր «աղմկում» և համարվում է ԱՄՆ գլխավոր գործընկերը տարածաշրջանում և ՆԱՏՕ-ում։
Բավական բարդ իրավիճակում է հայտնվում նաև Հայաստանը, ով ամեն տարի ԱՄՆ-ից ստանում է ֆինանսական օգնություն։ ԱՄՆ-ն նաև միակ երկիրն է աշխարհում, ով պետական մակարդակով օգնություն է տրամադրում Արցախին։ Երևանը բարդ ընտրության առաջ է կանգնած. մի կողմից Մերձավոր Արևելքի շատ արաբական երկրներն են և Իրանը, որոնք Հայոց ցեղասպանության տարիներին պատսպարեցին հարյուր հազարավոր հայերի և բավական լավ հարաբերություններ ունեն մեզ հետ, իսկ մյուս կողմից հայերի նկատմամբ բավական լավ տրամադրված ԱՄՆ-ն է, որտեղ մենք ևս ունենք բավական մեծ համայնք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել