Երևանում ահավոր շատացել են երթուղայիններում կատարվող գրպանահատության դեպքերը։ Վերջին օրերին արդեն 10-րդ նմանատիպ դեպքն եմ լսում։ Գողանում են թե՛ տղաներից, թե՛ աղջիկներից։ Իսկ ի՞նչ է անում ոստիկանությունը նմանատիպ դեպքերը կանխելու համար։ Մեր հասարակությունն էլ իր մեղքի բաժինն ունի։ 10-ից մեկը միայն կգնա, բողոք կգրի։ Մնացածը «լավ տղա» են խաղում, ասում են՝ թքած, ու անցնում առաջ՝ դրանով իսկ սրիկաներին հնարավորություն տալով հերթական անգամ թալանելու մեկ ուրիշի հալալ քրտինքով վաստակած գումարը։ 2 դեպքի էլ ականատես են եղել մտերիմներս: Գրպանահատները հիմնականում լինում են 3 կամ 2 հոգով: Լինում են շատ խառնված իրավիճակում, հայացքն անընդհատ պտտվում է, և տպավորություն են ստեղծում, թե միայնակ են, ձեզ վրա ընկնելու իմիտացիա են ստեղծում։ Ձեռքին ունենում են շարֆ, պայուսակ կամ տոպրակ, որը քողարկում է նրանց ձեռքերի հմուտ աշխատանքը: Թիրախավորում են այն մարդկանց, ովքեր զբաղված են խաղ խաղալով կամ հեռախոսով նամակներ գրելով: Հանդիպում են հիմնականում ամսվա սկզբի օրերին, ամսվա կեսին՝ 15-16-ին, և հիմնականում ամսվա վերջին օրերին, այսինքն՝ աշխատավարձի օրերին, իսկ տոնական աժիոտաժի ժամանակ հանդիպում են ամեն օր:

Գրպանահատների կարելի է հանդիպել հիմնականում 39, 8, 50 համարի երթուղայիններում, 44, 42, 58, 46 և 41 համարի ավտոբուսներում: Եթե գիտեք այլ երթուղայիններում պատահած դեպքեր, ասացեք, տեղեկացնենք մարդկանց, որ զգոն լինեն այդ համարներից օգտվելիս։

Ոստիկանությանն էլ կառաջարկեմ նշված համարներում օպերատիվ աշխատակիցներ ներդնեն ու կկարողանան վերահսկել իրավիճակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել