Երեկ ԱԺ-ում քննարկում էին արեգակնային էներգիայի «բարեփոխումների» փաթեթը: Քանի որ շատերը, ինչպես միշտ, խճճվել են ոլորտի պատասխանատուի մատուցած տեղեկատվության մեջ, ես կփորձեմ պարզաբանել հնչած թեզերը։ Նախ` սկսեմ ամենահաճախ հնչող թեզից․

«Չկա որևէ երկիր, որտեղ մեր օրենքների նման ազատություն տրված լինի»: Աշխարհի բոլոր երկրները չեմ հասցրել ուսումնասիրել և, ընդունելով, որ զարգացած երկրներից շատերում իրոք ավելի խիստ կարգավորումներ կան, պետք է նշեմ, որ բազմաթիվ երկրներում կան այլընտրանքային և մասնավորապես՝ արեգակնային էներգիայի զարգացման համար տրվող պետական սուբսիդիաներ, որոնք չկան Հայաստանում: Այսինքն՝ պետությունը փող է տալիս, որ մարդիկ պանել դնեն: Նենց որ, համեմատվելը, մեղմ ասած, կոռեկտ չէ ու, անկեղծ ասած, խիստ մանիպուլյատիվ:

Թեզ երկրորդ․ ինքնավար, այսինքն՝ մանր ու միջին արտադրողներն ունեն ամենաբարձր սակագինը (46,2 դրամ): Դա ճիշտ է միայն, երբ խոսքը գնում է իրենց սեփական կարիքները հոգալու մասին, սակայն ՀԷՑ-ն իրենցից ավելցուկը գնելու է, օրինակ, մեկ մեգավատանոց տրվող սակագնի (42,6 դրամի) մոտ կես գնով, այսինքն՝ 23,1 դրամով: Սա անիմաստ է դարձնում հավելյալ հզորությունների տեղադրումը: Կրկնում եմ՝ մանր ու միջին արտադրողը ստիպված է լինելու իրացնել իր ավելցուկը խոշորներին հասանելիք սակագնի մոտ կեսի շափով, ինչը ֆինանսապես անիմաստ և անարդար է: Էլ չասեմ, որ գազով աշխատող ՋԵԿ-ից ավելի թանկ սակագնով էին առնում:

Մանրների արտադրողականությունն էլ է սահմանափակվում՝ 150 և 500 կիլովատտով: Սա պատճառաբանվում է ցանցերի տեխնիկական տարողունակության խնդիրներով: Սրանից զատ՝ կա նաև կուտակման խնդիր, որից փոխնախարարը չխոսեց, քանի որ իմ՝ ս.թ. մարտի 15-ին հնչեցրած խնդրանքին ի պատասխան, նշել էր, որ, մեջբերում եմ, «մեզ այս պահին կուտակիչների վրա ներդրում կատարելը բացարձակապես տնտեսական և տեխնիկական առավելություն չի տա»: Իրականում կա խնդիր՝ թե՛ ցանցի, թե՛ կուտակման հետ կապված: Սակայն այդ խնդիրը թեկուզ վարկային միջոցներով լուծելն այնքան շահութաբեր կլիներ Հայաստանի համար, որ արդեն վաղուց պիտի համապատասխան գործընթացները սկսված լինեին: Սա անհերքելի է, քանի որ յուրաքանչյուր մեկ կիլովատտ վերականգնվող հզորություն տեղադրելիս Հայաստանը խնայում է մոտ 900 դոլար, որն ավելի քան բավարար է կուտակիչների ու ցանցի արդիականացման համար:

Երբ զեկուցողն ասում է, որ Գազպրոմն ազդեցություն չի ունենա, պարզապես սխալվում է: Կունենա: Համենայն դեպս, կկարողանա ունենալ, և ըստ շուկայական տրամաբանության՝ պիտի օգտվի հնարավորությունից, այսինքն՝ բացելու է կայան, խնդրելու է այնպիսի ցածր սակագին, որպեսզի ինքնավարներին, առհասարակ, շահավետ չլինի ՀԷՑ-ին լույս տալ՝ այդ «արտոնությունը» զիջելով միայն խոշորներին:

Ամփոփելով ասեմ՝ Հայաստանը տարեկան ներմուծում է 2 միլիարդ խորանարդ մետր գազ, որը համարժեք է 20 միլիարդ կիլովատտ ժամ էներգիայի: Նման քանակի էներգիա արտադրելու համար անհրաժեշտ է մոտ 12 միլիոն կիլովատտ հզորությամբ արեգակնային կայաններ: Այդքան հզորություն տեղադրելու համար պետք է ներգրավել 9,5 միլիարդ դոլար: Ներգրավելուն պես Հայաստանը կունենա անվճար էներգիա մոտ 30 տարի: Նույն ժամանակահատվածում նույն քանակի էներգիա ստանալու այսօրվա պայմաններում Հայաստանը կվճարի Գազպրոմին 18 միլիարդ դոլար: Այսինքն՝ նման ներդրում ներգրավելու դեպքում Հայաստանն օդից կխնայի 8,5 միլիարդ դոլար 30 տարում կամ տարեկան 300 միլիոն դոլար: Աշխարհը սենց են շուռ տալիս: Ընդամենը մեկ որոշում է պետք:

Հ.Գ. Ստեղ մի հատ փոքր խնդիր կա. Հայաստանն այդքան տարածք չունի, որ 12 միլիոն կիլովատտ հզորություն տեղադրի: Դրա համար կա՛մ պետք է Հայդատը ֆինանսավորել, կա՛մ էլ բավարարվենք հնարավոր 1 միլիոն կիլովատտ հզորությամբ ու արեգակնայինից տարեկան խնայել մոտ 30 միլիոն դոլար, իսկ մնացած վերականգնվող աղբյուրներից խնայել ևս մոտ 100 միլիոն: Ամեն դեպքում պետք է փորձել արևային պանել խցկել ամեն ծակում և դրա համար ստեղծել գերշահավետ պայմաններ, որովհետև մեր գազն էնքան թանկ է, որ ամեն դեպքում պետությունը շահում է: ՉՊԻՏԻ դրվի տարբերություն ինքնավարի ու բիզնես անող մանր ու միջինի միջև։ Նրանք պիտի ազատված լինեն հարկերից և լիցենզավորումից և պիտի ունենան արդար սակագին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել