Ս/թ-ի դեկտեմբերի 19-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ մամլո ասուլիս` 2017թ․-ի տարվա ամփոփման և գալիք տարվա անելիքների, 2018թ-ին սպասվող թատերական իրադարձությունների մասին:

Բանախոսներ` թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը և տնօրեն Տիգրան Վիրաբյանն անդրադարձան թատրոնի ամանորյա ներկայացմանը, որի առաջնախաղը կկայանա դեկտեմբերի 20-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 30-ը:

Ամփոփելով 2017թ․-ը՝ բանախոսները խոսեցին թվերի լեզվով.

Հանդիսատեսի թվաքանակը` 41470, խաղացված ներկայացումների քանակը` 141: Տոմսերի վաճառքի հասույթը 2016-ի փոխարեն, որը կազմել է 18.000.000 դրամ, 2017թ-ին` 31.000.000 դրամ:

«2017թ․-ի թվով 7 առաջնախաղերը, ինչպես նաև մարզային և մայրաքաղաքային հյուրախաղերը, հանդիսատեսի թվաքանակի աննախադեպ աճը հավաստիքն են այն ճշմարտության, որ Գյումրու դրամատիկականը վերագտնում  է նախկին հանրաճանաչումը»,- նշեց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:

2017թ․-ին շուրջ 50.000 դոլարի մասնավոր ներդրում է կատարվել Գյումրու դրամատիկական թատրոնում, որի շնորհիվ թատրոնն անցում է կատարել արևային ֆոտովոլտային ներցանցային համակարգերի: Խնայած էլեկտրաէներգիայի հաշվին Գյումրու դրամատիկականում կատարվելու է տեխնիկական վերազինում: Ինչպես նաև մասնավոր ներդրումների շնորհիվ սոցիալապես խոցելի խավի համար կիրառվել է տոմսերի 40 տոկոս զեղչ:

2018թ․-ին նախատեսվում է Գյումրու դրամատիկական թատրոն հրավիրել հանրապետության լավագույն բեմադրիչներ Վահե Շահվերդյանին, Նարինե Մալյանին և Արշալույս Հարությունյանին: Իսկ տարեսկզբի առաջին պրեմիերան կլինի Արցախյան քառօրյա պատերազմին նվիրված ներկայացումը, որի բեմադրական աշխատանքներն արդեն սկսված են: Պիեսի հեղինակ` Անահիտ Աղասարյան, բեմադրիչ` Լյուդվիգ Հարությունյան, նկարչական ձևավորումը` Գարեգին Եվանգուլյանի, կոմպոզիտոր` Հայկո: 

 Բանախոսներն անդրադարձան նաև Գյումրու դրամատիկականին աջակցման հիմանադրամին՝ խոստանալով  2018թ-ի մարտի 27-ին` թատրոնի միջազգային օրը, թատրոնի մեկ արտիստի ապահովել բնակարանով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել