Ֆեյսբուքում 8-9 տարվա ակտիվ գործունեությանս ընթացքում առավել շատ տարածում ու ռեզոնանս առաջացրած գրառումս Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո էր, երբ գրել էի էն պոռնոգրաֆիկ վիճակի մասին, որը տիրում էր այն ժամանակ Արցախը մնացյալ Հայաստանի հետ կապող միակ բանուկ մայրուղու Սիսիան-Գորիս հատվածի մասին։ Վերնագրել էի «Անուղղելիները» ու հռետորական հարցադրումներ էի արել այդ ժամանակ մայրուղու այդ հատվածի այդ վիճակի համար պատասխանատու Կապի և տրանսպորտի նախարար Բեգլարյանին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և կապալառու ընկերության սեփականատեր Հերմինե Նաղդալյանին։

Այսօր առաջին երկուսն արդեն պաշտոնաթող են, Նաղդալյանն էլ, ըստ ամենայնի, իր վերջին պատգամավորական ժամկետն է վայելու՝ ռոումինգային չարաճճիությունից ու հրապարակայնորեն ստելուց հետո։ Եթե հիշենք վերջին տարիների ընթացքը, ապա, վստահաբար, էլի պաշտոնյաների կմտաբերենք, ովքեր հայտնի են եղել չարաշահումներով ու մութ պատմություններով և ի վերջո հայտնվել են պաշտոնների լուսանցքից դուրս։ Սակայն նույնիսկ մեծ ցանկության դեպքում չենք կարող հիշել լուրջ պետական պաշտոն զբաղեցրած գոնե 5 անձի, ում օրենքով պատժած լինեն՝ յուրացումների, պաշտոնական դիրքի չարաշահման կամ էլ կոռուպցիայի համար՝ Վազգեն Խաչիկյան, Մարգար Օհանյան․․․ ու վերջ։

Մեզ մոտ գործում է հետևյալ մոդելը՝ ամոթով թոշակի ճամփելը, թե բա՝ գնացեք ու ձեր պահվածքի մասին մտածեք, իսկ եթե խելոք պահեք, ապա, մա՜րդ ես, մեկ էլ տեսար՝ ռեաբիլիտացվեք, ինչպես դա եղավ նույն Լիսկայի պարագայում։

Ես չեմ ուզում Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, ոչ էլ Բերիայից ավելի ռեպրեսսիվ։ Ես չեմ կարծում, որ համատարած ռեպրեսիաները թույլ կտան հաղթահարել այն արատները, որոնից տառապում են բոլորը։ Դա ծայրահեղություն է։ Սակայն ծայրահեղություն է նաև այս «ամոթալի թոշակի» պրակտիկան, երբ գանձարանագողերը գալիս ու գնում են, իսկ հրապարակային ճիպոտվողները դրանց մեջ դեռ երկուսն են, այն էլ, ըստ երևույթին, զուտ ներէլիտար ինտրիգների պատճառով են դատվել, ոչ թե պատկերավոր օրինակ լինելու։

Ես վստահ եմ, որ կարելի է խուսափելի 37 թվի մեթոդաբանությունից ու դոզավորված կիրառել ռեպրեսիվ ապարատը։ Ես վստահ եմ, որ անգամ այդքան շատ արծարծված Սինգապուրի օրինակի չափ ռեպրեսիաներ պետք չեն, բայց որ տարին բաղմանյանոտ տրամաչափի մեկ-երկու բարձրաստիճան պաշտոնյա պրոֆիլակտիկայի շրջանակներում ոչ թե Մոսկվայի Ալիկի տված Պորշե Պանամերաներն ու Նիկարագուայի Գվիդոնի ներդրումներով կառուցված մարմարե առանձնատները վայելելու պետք է «դատապարտվի», այլ Կոշի, Նուբարաշենի ու այլ ՔՀԿ-ների բալանդան մի երկու տարի ըմբոշխնելու։ Դա, իհարկե, չի ազնվազարմացնի չինովնիկական դասը, նույնիսկ չի քչացնի ագահությունն ու արդեն եղած Պորշե Պանամերաների ու շքեղ առանձնատների թիվը, բայց թույլ կտա, որ դրանց թիվը չավելանա։ Կոռուպցիան հաղթահարելն անհնար է, բայց նվազեցնելը՝ միանգամայն հնարավոր, բայց ոչ մի հաջող նախադեպ չեք գտնի, երբ դա արվել է առանց ռեպրեսիայի ու վախի մթնոլորտ ստեղծելու։

Նալե՛ք գանձարանագողերին, սիրելի՛ իշխանություններ։ Շատ չէ, տարին մեկ-երկու հատ, բայց նալե՛ք ու կտեսնեք, թե ինչ հիանալի մետամորֆոզներ կսկսվեն պետական համակարգում և հասարակությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել