Մոտենում է 2018 թ․-ը։ Գաղտնիք չէ, որ 2018թ․ ՀՀ-ում նշանակալից տարեդարձներ են նշվելու և միջոցառումներ են անցկացվելու՝ Էրեբունի-Երևան-2800, ՀՀ Առաջին հանրապետության հռչակման 100 և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով։ Իշխանությունները մեծ հույսեր են կապում վերոհիշյալ միջոցառումների անցկացման հետ, ինչպես նաև մեծ թվով զբոսաշրջիկների ժամանման, նոր հյուրանոցների շահագործման: Սակայն հարցերի հարցը մնում է մայրաքաղաքի աղբահանության և հասարակական զուգարանների խնդիրը: Իշխանություններն արդեն սկսել են «Աղբի տեղը աղբամանում է» գործընթացը, սակայն իմ անձնական դիտարկումներով՝ գովազդային քարոզարշավից այն կողմ դեռ էական առաջընթաց չկա։ Բերեմ մի օրինակ. Նոր Նորքի 1-ին զանգվածում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներքո գործող «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրը, որտեղ սովորում են իրանցի դիվանագետների երեխաները, և ամեն օր իրանցի դիվանագետներն իրենց մեքենաներով երեխաներին բերում են կրթօջախ։ 40-50 մետր հեռավորության վրա գտնվում են «Նորք» կինոթատրոնի ավերակները, որտեղ ոչ միայն, մեղմ ասած, մաքուր չէ, այլև 37 երթուղային ավտոբուսի վարորդներն այն օգտագործում են որպես հասարակական զուգարան։ Մոտակայքում 1-ին զանգվածի պուրակն է, որը նույնպես աղբի մեջ կորած է, չնայած և պուրակում կան փոքր, իսկ հարևանությամբ՝ «Սանիտեքի» մեծ աղբամանները: Եվ սա այն պարագայում, երբ 2017թ․ աշնանը գրեթե ամեն շաբաթ համաքաղաքային շաբաթօրյակներ էին անցկացվում... Ես կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ, որտեղ և՛ աղտոտ է միջավայրը, և՛, ինչպես հասկացաք, չկան հասարակական զուգարաններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել