ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Սուրեն Մանուկյանը, հանդիպել է Լատվիա-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները հայ-լատվիական միջպետական հարաբերությունների առավել խորացման հարցում կարևորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, բարեկամական խմբերի միջև փոխայցերի ակտիվացումն ու շփումները:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն իր գոհունակությունն է հայտնել Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ջանքերով Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես կազմակերպելու համար:

Է. Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Սերգեյ Պոտապկինին «Ընդդեմ Ցեղասպանություն հանցագործության» գլոբալ համաժողովին մասնակցելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանն ու ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

«Լատվիայի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ ԼՂ հիմնահարցի առնչությամբ երբեմն անում են հայտարարություններ, որոնք չեն բխում մեր ժողովուրդների բարեկամությունից: Ակնկալում ենք, որ կարվեն ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը չհակասող հայտարարություններ: Բոլորը պետք է գիտակցեն, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը չի կարող լուծվել:
Մենք դրական ենք գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բարեկամության խմբի հայտարարությունը և ակնկալում ենք, որ խումբը Լատվիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը դատապարտելու ուղղությամբ գործընթաց կսկսի»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Սերգեյ Պոտապկինը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա, և իրենց կարծիքը պետք է համահունչ լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի կարծիքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել