Tert.am-ը գրում է.

Իսրայելի Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերի խոսքով՝ ինքը երբեք էլ չի համարել, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կախված է ինչ-որ քաղաքական զարգացումներից, Մերձավոր Արևելքի երկրների միջև եղած տնտեսական շահերից և հարաբերություններից:

Նա Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց  հետո եղած զարգացումներին, մասնավորապես դրանց ֆոնին Թուրքիայի նախագահի հայտարարություններին ու Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ Իսրայելում նոր դիսկուրս սկսելուն:

Ալեքսանդր Ցինկերը նկատեց, որ Հայոց Ցեղասպանությունը պատմական փաստ է, հույս հայտնեց, որ իսրայելական ղեկավարությունը այն կընդունի:

«Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր «Եշ Ատիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդի հայտարարությանը, թե պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասեմ՝ շատ ողջունելի է: Պարզապես ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչու՞ երբ նա ֆինանսների նախարարն էր և նրա կուսակցությունը կոալիցիայում էր չէր բարձրաձայնում այդ մասին: Չէ՞ որ նա այն ժամանակ ավելի մեծ հնարավորություն ուներ այդ օրինագծի անցնելու վրա ազդեցություն թողնելու հարցում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ  իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարելով, որ անցած տարի Անկարայի հետ կնքված հաշտությունն իրականում «դիվանագիտական սխալ» էր:
Լապիդի խոսքով՝ իր կուսակցությունը ջանք կգործադրի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը երկրի խորհրդարանում՝ Քնեսեթում, ներկայացնելու համար: Նկատենք, որ այս հայտարարությունը եղել է Երուսաղեմի շուրջ տեղի ունեցողի շուրջ, երբ Թուրքիայի նախագահը ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո որոշել է դրան ի պատասխան՝ Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք:

Ալեքսանդր Ցինկերի խոսքով՝ Հայոց ցեղասպանության հարցը հիմա բարձրացված է իսրայելական խորհրդարանի՝ Քնեսեթի նիստում, որոշումը  փոխանցվել է պատմության,  կրթության և մշակույթի հանձնաժողովին, որը նույնպես նիստ է անցկացրել և դրական որոշում է կայացրել, որ հարցը կքննարկվի Քնեսեթի լիագումար նիստին:

«Հիմա արդեն հաջորդ փուլը կարող է լինել հանձնաժողովի որոշումը ներկայացնել Քնեսեթի լիագումար նիստին և քվեարկության դնելը: Սա շատ ավելի իրական ճանապարհ է, քան եթե Յաիր Լապիդը իր օրինագծով առաջ գա, որը ակնհայտ է, չի էլ անցնի: Այն առավել շատ  իմպուլսիվ պոպուլիստական որոշում է՝ առանց լուրջ հաջողության հասնելու հնարավորության,- նշեց նա՝  հավելելով, որ եթե այն կուսակցությունները, որոնք պարբերաբար բարձրացրել են Հայոց ցեղասպանության հարցը, գան և քվեարկեն դրա օգտին, գուցե օրինագիծն անցնի,- իրականում ես շատ իրատես եմ և հասկանում եմ, որ դրա համար դեռ ժամանակ է անհրաժեշտ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել