Tert.am-ը գրում է.

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի կողմից ընդդեմ Հայաստանի հայցերին, ասաց, որ հիմնական հարցը վճիռների կատարման հետ է կապված: 

Նա պարզաբանեց, որ ՄԻԵԴ-ը գործ ունի մի իրավիճակի հետ, երբ տասնյակ հազարավոր դիմումներ են ստացվում, և դիմումների քննարկման հարցում նոր մոտեցումներ պետք է ձևավորվեն: Նա ասաց, որ ՄԻԵԴ-ում նորարարություններից մեկն այն է, որ եթե նույն հարցի վերաբերյալ տեսնում է մեկ գործ, օրինակ՝ Ադրբեջանի քաղաքացիների դիմումներն ընդդեմ Հայաստանի և հակառակը, այդ գործի վերաբերյալ քննություն է իրականացնում, վճիռ է կայացնում, այն պիլոտային վճռի կարգավիճակ է ստանում և դրա հիման վրա սկսում է քննել մյուս բոլոր գործերը:

«Հիմա արդեն կա «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և հակառակը՝ «Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռ, որը վերաբերում է ոչ միայն խախտման առկայության կամ բացակայության հարցին, այլև արդարացի փոխհատուցմանը, և այդ վճիռներից հետո պետք է պիլոտային կարգով, այսինքն՝ պարզեցված կարգով քննության առնվեն մյուս բոլոր գործերը, որոնք ՄԻԵԴ-ը պահում էր մինչև այս գործերով վճիռների կայացումը»,-ասաց նա:

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ խնդիրը հիմնականում վճիռների կատարման հարցում է. «Ես շատ լուրջ մտահոգություններ ունեմ, թե որքանով է հնարավոր այդ վճիռներն օբյեկտիվորեն կատարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանում արդեն քննության առարկա են ապրիլյան իրադարձությունների հետ կապված գործերը: Մենք ունենք իրավիճակ, երբ անհանգիստ է սահմանին, հետևաբար, նշանակում է, որ դժվար է Եվրոպական դատարանի վճիռները կատարել՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից թե՛ հրադադարի ռեժիմների խախտումները, թե՛ հայատյաց քաղաքականությունը, որը Ադրբեջանում երկար տարիներ ի վեր իրականացվում է»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել