«Ա՞ճ, թե՞ խնայողություն» բանավեճը կրկին գլուխ է բարձրացրել: Այս անգամ կշեռքի նժարն ակնհայտորեն թեքվել է հօգուտ աճի: 

Մի քանի օր առաջ Վաշինգտոնում ավարտվեց ԱՄՀ-ի Միջազգային արժութային և ֆինանսական հանձնաժողովի (IMFC) 27-րդ տարեկան նիստը, որտեղ երկար քննարկումներից հետո եզրակացություն կար, որ առաջիկա ժամանակաշրջանում անդամ երկրների տնտեսական քաղաքականության գլխավոր թիրախը պետք է լինի տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը: 

ԱՄՀ-ն այսպիսի եզրակացության է հանգել՝ ելնելով այն փաստից, որ նախորդ տարիներին բազմաթիվ երկրներ կիրառել են զսպողական և խնայողական քաղաքականություն՝ հույս ունենալով, որ պարտքի կրճատման ճանապարհով կհասնեն տնտեսական աճի ապահովման: Արդյունքում թե՛ տուժել է տնտեսությունը, թե՛ հիմնականում աճել է պարտքը: 

Հետաքրքրական զուգադիպությամբ նման եզրակացության է հանգել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Նա հայտարարել է, որ Եվրոպայում զսպողական քաղաքականությունը հասել է իր սահմանին, արդյունք չի տվել և հանրության կողմից այսօր աջակցություն չունի: 

ԱՄՀ-ն՝ որպես նոր մոտեցում, առաջարկում է դրամավարկային, հարկաբյուջետային քաղաքականության և կառուցվածքային բարեփոխումների մի այնպիսի խառնուրդ, որը միանշանակորեն միտված կլինի տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը: 

Ես կարծում եմ, որ այս առաջարկությունը ամբողջությամբ կիրառելի է նաև Հայաստանի պարագայում: Նախորդ հինգ տարիներին կառավարության վարած քաղաքականությունը դրական արդյունքներ չի ունեցել հիմնականում այն պատճառով, որ թիրախում եղել է գնաճի զսպումը, ոչ թե տնտեսական աճը, գլխավորապես իրականացվել է զսպողական հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն, կառուցվածքային որևէ լուրջ փոփոխություն չի իրականացվել: 

Հարկ է նկատել, որ անգամ գերակա խնդիր հռչակված գնաճի խնդիրը չի լուծվել, քանզի վերջին հինգ տարիներին հանրագումարային առումով ունեցել ենք մոտ 30 տոկոս գնաճ, մինչդեռ առավելագույնը պետք է լիներ 22 տոկոս՝ ՀՆԱ-ի խոստացված տարեկան իրական 8-10 տոկոս աճի պայմաններում։ Իրավիճակը չփրկեց ո՛չ ֆիքսված փոխարժեքի քաղաքականությունը (2008-2009 թթ.), ո՛չ վերաֆինասավորման տոկոսադրույքի բարձր մակարդակի պահպանումը։

Ներկայում, երբ վարչապետը վերանշանակվել է և կառավարություն կազմելուց հետո պետք է Ազգային ժողովին նոր ծրագիր ներկայացնի, ես կարծում եմ, որ այդ ծրագիրը պետք է հաշվի առնի ԱՄՀ-ի վերոնշյալ մոտեցումները: Այդ երեք ուղղություններից յուրաքանչյուրում ես կառաջարկեի երեք նոր շեշտադրումներ ունենալ, որոնք կարող են էապես խթանել տնտեսական աճը: 

Հարկաբյուջետային քաղաքականության մասով

1. Թեթևացնել փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա կխաթարի բյուջեի կատարումը, սակայն հարկային բեռի նվազեցումը կփոխհատուցվի փոքրի ու միջինի առավել մեծ շրջանառությամբ և նոր բիզնեսների ի հայտ գալով: Ի վերջո, պետք չէ մոռանալ Լաֆերի կորի մասին, ըստ որի՝ հարկային բեռի թեթևացումը բերում է բյուջետային մուտքերի ավելացմանն ու պետության սոցիալական ծախսերի նվազմանը։
2. Էականորեն ավելացնել կենսաթոշակները և բյուջետային աշխատողների աշխատավարձերը: Սա ակհայտորեն կբերի տնտեսության մեջ պահանջարկի աճին, որը կխթանի տնտեսական աճը՝ մեծացնելով նաև հարկային մուտքերը: Գնաճի խնդիր տվյալ դեպքում չի առաջանա, քանզի 37-տոկոսանոց աղքատությամբ երկրում վճարունակ պահանջարկի ավելացումը չի կարող էականորեն ազդել գների մակարդակի վրա։
3. Կառավարությունը պետք է մի քանի մեծ ենթակառուցվածքային ծրագրեր նախաձեռնի, որոնք տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման լուրջ շարժիչ կլինեն: Դրանց իրականացումը հնարավոր է բյուջեի լրացուցիչ դեֆիցիտով, որի ֆինանսավորումը պետք է արվի ներքին (պետական պարտատոմսերի թողարկման) և ոչ թե արտաքին պարտքի մեծացման հաշվին: 

Դրամավարկային քաղաքականության մասով

1. Ավելացնել դրամի շրջանառությունը տնտեսության մեջ, միաժամանակ բյուջեի ծախսումների պարբերականությունն այնպես կարգավորել, որ դա հանգեցնի դրամի շրջանառության արագության մեծացման: 
2. Նպաստել վարկերի էժանացմանը և վարկ ստանալու գործընթացի հեշտացմանը:
3. Թողնել, որ ազգային արժույթի փոխարժեքը ձևավորվի առանց միջամտությունների: Ճիշտ է՝ դա կհանգեցնի դրամի լրացուցիչ արժեզրկման, սակայն կխթանի արտահանումը և կբարձրացնի դրսից եկած տրանսֆերտների գնողունակությունը: Այսպես կոչված «փափուկ կառավարելի» փոխարժեքային քաղաքականությունն ամենաընդունելին է մեր դեպքում։ Հետճգնաժամային փուլում այդ մեխանիզմին անցել են մի շարք զարգացած երկրներ, որպեսզի կարողանան արդյունավետ պայքարել նոր ճգնաժամերի դեմ։

Կառուցվածքային բարեփոխումների մասով

1. Բիզնեսը տարանջատել քաղաքականությունից: Նախևառաջ նկատի ունեմ, որ պետական համակարգը պետք է ազատել պետական պաշտոնը բիզնեսի տրամաբանությամբ շահույթի աղբյուր դարձրածներից։
2. Վերացնել արհեստական մենաշնորհները և հավասար մրցակցային դաշտ ապահովել բոլոր խաղացողների համար:
3. Ապահովել սեփականության իրավունքի գերակայությունը և պաշտպանությունը՝ վերջ տալով համայնավարական ժամանակաշրջանին հատուկ քարոզչությանը և գործողություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել