Նախօրեին նախագահ Սարգսյանը հայկական հեռուստաընկերություններից մեկին տվեց մեկժամյա հարցազրույց, որին կարելի է մի քանի պրիզմայով նայել: Նախագահի խոսքում առանձին շեշտադրումներ կային և՛ արտաքին մարտահարվերների, և՛ ներքին քաղաքական զարգացումների վերաբերյալ:

Հարցազրույցի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես կայանում էր նրանում, որ հանրությունը սպասում է, թե ի վերջո որտեղ է լինելու նախագահը 2018 թվականի ապրիլից հետո, սակայն ամենակարևոր հարցի պատասխանն այդպես էլ չհնչեց: Լրատվականներում ամենատարբեր երանգավորումներով սցենարների պակաս չկա, սակայն իր խոսքում նախագահը շարունակեց պահել ապրիլյան մշուշը:

Սերժ Սարգսյանը մի քանի նուրբ գովեստի խոսք հնչեցրեց գործող Կարեն Կարապետյանի հասցեին: Նա դժգոհություն չհայտնեց Կարապետյանի վարչապետությունից՝ չնայած այն հանգամանքին, որ անընդհատ շահարկվում է ներհամակարգային խնդիրների և անվստահության մասին: Սարգսյանի խոսքով` Կարապետյանն իր և կուսակցության համար լավ վարչապետ և օգտակար մարդ է, միաժամանակ նշեց, որ վարչապետի հարցը կորոշվի, երբ կգա ժամանակը: Այսինքն՝ միայն Կարապետյանի մնալու ցանկությունն ու պատրաստակամությունը ամենևին որոշիչ չեն:

Առանձնահատուկ է այն, որ նախագահը պարզ էր իր խոսքում, սակայն Սարգսյանն, այնուամենայնիվ, պահեց այդ ինտրիգը. գործնականում առաջացրեց նոր ինտրիգ՝ հեռացած պաշտոնյաների մասով:

Հարցազրույցի կարևոր թեզերից կարելի է առանձնացնել այն միտքը, որտեղ Սարգսյանն անդրադառնում է քաղաքականությունից հեռացած քաղաքական դեմքերին: Որպես կանոն, նախագահը դասվում է ոչ հանրային քաղաքական գործիչների շարքին, քանի որ գերադասում է դեպքերի զարգացումներին հետևել կուլիսից, և, ինչպես բնորոշ է հմուտ ռեժիսորին, ցանկացած էպիզոդում և իրավիճակում իրեն գերադասելի լուծումներ տալ: Այս անգամ ևս հետաքրքիր մեսիջներ ներկայացրեց, որոնք, վստահաբար, հասարակական-քաղաքական սպեկտորում մտորումների առիթ կհանդիսանան:

Սարգսյանի խոսքից որոշակիորեն հասկանալի դարձավ, որ գարնանային «ռակիրովկաների» ժամանակ քաղաքական թատերաբեմում հնարավոր է՝ հայտնվեն այնպիսի դեմքեր, որոնք ներկա պահին լքել են քաղաքականությունը (այս խաղաոճը բնորոշ է նախագահին): Սարգսյանի նախագահության տարիները չափազանց բարդ տնտեսական ու քաղաքական շրջան էր, երբ թվում էր անգամ միջանցիկ քամին կարող է Սարգսյանին գցել նախագահի պաշտոնից. այդ փուլերում նա դրսևորեց զարմանալի կենսունակություն, և այդ հարցում առանցքային գործոններից մեկն այդ ստվերային դերակատարման ընթացքում կուտակած լիցքն էր:

Բավականին հատկանշական էր, որը սովորաբար նման հարցազրույցներում չի հանդիպում, երբ նա, որպես նշված հանգամանքի օրինակ բերեց Արմեն Գևորգյանին` նշելով, որ պետության առաջ և պետականաշինության մեջ նա կատարել է լուրջ աշխատանք: Գևորգյանին որպես առանձին ֆիգուր ներկայացնելը հետաքրքրական է նաև նրանով, որ նա քաղաքական պլատֆորմում է մոտ 20 տարի և իր զբաղեցրած դիրքով կատարել է առանցքային դերակատարություն։ Սա, ըստ ամենայնի, պատահական հնչեցրած անուն չէր, քանի որ նախագահի քայլերին քիչ թե շատ հետևած մարդիկ կհամաձայնեն, որ նա հենց այնպես որևէ մեսիջ չի հնչեցնում:

Նախագահը խոսեց առաջիկա պլաններից՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ մոտակա ժամանակահատվածում չի պատրաստվում լքել քաղաքական արենան: Հաղորդավարի այն հարցադրմանը Սարգսյանը բավականին հստակ, ինչ-որ տեղ նաև զարմացած պատասխանեց, որ իրեն շատ լավ է զգում` փաստելով, որ առաջիկա մեծ գործընթացներին ինքն ամբողջովին պատրաստ է:

Կարող ենք փաստել հետևյալը. նախագահ Սարգսյանը վերջին շրջանում (հատկապես նոյեմբերի 24-ից հետո) լուրջ կենտրոնացել է ներքաղաքական հարթակին` փորձելով խաղատախտակի վրա ֆիգուրները ճիշտ դասավորելով պատրաստվել գալիք պարտիային: Հատկապես ուշագրավ է այն դրվագը, որ Սարգսյանը վերջին մի քանի ամիսներին առանձնակի խոշորացույցի տակ է պահում տնտեսության ոլորտի հիմնահարցերը, որոնց մինչ այդ այդքան էլ առաջնային տեղերում չէին: Սա ընդգծում է այն դրույթը, որ պետության նոր տեսլականն առաջիկա տարիներին շարունակելու է ընթանալ սարգսյանական «գծի մեջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել