«Ղարաբաղյան հակամարտություն» ձևակերպումը, իմ կարծիքով, անհաջող է, ինչպես և «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ» ձևակերպումը: Քանի որ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, ուստի «ղարաբաղյան հակամարտություն» ասելով անուղղակի փաստում ենք, որ այն ինչ-որ կողմերի միջև տարածքային վեճ է:

Արցախը վաղուց տարածք չէ, որ լինի հակամարտության առարկա, Արցախն արդեն քառորդ դար կայացած պետություն է` դասական պետության համար անհրաժեշտ իր բոլոր չափորոշիչներով ու բաղադրիչներով, ընդ որում՝ ավելի վատ չի կայացել, քան նրա հակառակորդը: Թեկուզև միջազգայնորեն ճանաչված չէ, բայց իր քաղաքացիները ճանաչում են իրենց պետության ինքնիշխանությունն ու պետական իշխանության յուրիսդիկցիան:

Երկրորդ՝ պետք է հարգել այդ մարդկանց իրավունքն ու ազգային կամքը որպես անկախ պետության քաղաքացիների և խուսափել այդ պետական կազմավորումը «տարածք կամ տարածքային վեճի առարկա» ներկայացնող եզրույթներից:

Իսկ «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ» ձևակերպումից, ընդհանրապես, սեպարատիզմի հոտ է գալիս: Կրկին, քանի որ այն դեռևս ճանաչված չէ, նման ձևակերպումը ստեղծում է տպավորություն, թե գործ ունենք ինչ-որ տարածքի հետ, որի զինված խմբավորումները հակամարտ են կենտրոնի, այս պարագայում՝ Բաքվի նկատմամբ: Սա քաղաքացիական պատերա՞զմ է, ի՞նչ է, որ հակամարտող զորք ենք ասում:

Այս առումով՝ պետք է ընդգծել երկու հանգամանք.

1. Արցախը որևէ «ուժի» կամ «կենտրոնի» նկատմամբ հակամարտ զորք չունի, այն ունի #Զինված #ուժեր, որն իրականացնում է սեփական պետության անվտանգությունն ու պաշտպանությունը, այսինքն՝ գործում է որպես #պետական #կառուցվածք և լուծում է #պետական #նշանակության խնդիր:

2. Ոչ թե Արցախի զորքերն են հակամարտ, այլ Արցախի Հանրապետությունն է միջազգային հակամարտության մեջ Ադրբեջանի հետ: Սա շատ կարևոր է: Այսինքն՝ սա հակամարտություն է երկու պետական կազմավորումների միջև, այլ ոչ թե պետության և նրա որևէ տարածքում որոշակի իշխանություն ունեցող խմբի միջև: Օրինակ՝ Հայաստանի սահմանին էլ կա զինված հակամարտություն, բայց չենք ասում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ, ինչն իրոք զավեշտալի է հնչում:

Ի վերջո, հրադադարից անցել է քսաներեք տարի, բայց մենք դեռ մնացել ենք իննսունականների տերմինաբանության ու դիսկուրսի մեջ՝ հեշտացնելով Ադրբեջանի գործը սեփական դիրքորոշումն ընդգծելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել