Եկել եմ ասելու, որ դեռ ոչինչ չունեմ ասելու

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը լայն հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը, որտեղ անդրադարձ է կատարել ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական խնդիրներին։ Հայ հանրությանը ավելի շատ հետաքրքում էր, թե ի վերջո որտեղ է լինելու նախագահը 2018 թվականի ապրիլից հետո։ Դա, թերևս, ամենաշատ քննարկվող թեման է այսօր ու դեռ կքննարկվի մինչ ապրիլ ամիսը։ Սարգսյանը, խոսելով իր հետագա պլանների մասին, կրկին հավատարիմ մնաց իր որդեգրած խաղաոճին ու կոնկրետ չասաց, թե ինչ է պատարստվում անել։ Նախագահն ընդգծեց, որ իսկապես դեռ չգիտի՝ ինչպես են դասավորվելու հետագա իրադարձությունները, և դա իրենք կքննարկեն կուսակցության նիստի ընթացքում։ Նրանից ավելի շատ կոնկրետություն էր ակնկալում հանրությունը, սակայն եթե մեկ բառով ամփոփելու լինենք, Սարգսյանը եկավ ասելու, որ նոր բան ասելու համար դեռ վաղ է։

Ինչո՞ւ է հապաղում Սերժ Սարգսյանը

Սա, թերևս, ունի մեկ պատճառ, որն իսկապես շատ հարցերի պատասխաններ է տալիս։ Հայաստանում իշխանության ներկա դասավորվածությունը թույլ չի տալիս։ Սա, իհարկե, այն համակարգն է, որը կառուցել է հենց Սարգսյանը կամ առնվազն նպաստել է դրա ստեղծվելուն, սակայն դրանից ազատվել նա չի կարող ո՛չ իր և ո՛չ էլ այլոց կամոք։ Կան մի շարք օբյեկտիվ հանգամանքներ, որոնք նրան ստիպում են անընդհատ մանևրել, խուսանավել այս հարցին պատասխանելուց։ Իշխանությունն այսօր Հայաստանում միատարր չէ, ու դա առավել ցայտուն է դառնում սահմանադրական փոփոխություններից հետո, ու պարզ է, որ նախկինի այս հարցերը չեն լուծվում մեկ կետից։ Սա էլիտայի մեջ գտնվող սուբյեկտներին ստիպում է իրենց հուզող հարցերի պատասխանը ստանալ ոչ միանգամից ու մի տեղից մի քանի այլ օղակների միջոցով։ Սարգսյանը դառնում է յուրատեսակ արբիտր, որը նոր կառավարման համակարգում որոշելու է ամենախնդրահարույց հարցերը, իսկ իշխանության ներսում տեղի ունեցող դժգոհությունները գնալով ավելի են շատանալու ու բազմանալու։

Կարեն Կարապետյանի մասին

Վարչապետի հասցեին նրա խոսքերը կարծես թե նույնիսկ դավադրապաշտների համար է դառնում բավականին հասկանալի։ Նախագահը դժգոհություն չունի կառավարությունից ու լիովին վստահում է վարչապետին։ Մինչդեռ հայաստանյան մամուլում շարունակվում էին խոսակցությունները, որ Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը ունեն խորքային տարաձայնություններ։ Դրանք գուցե կան ու կլինեն, հենց դրանով է բացատրվում իշխանության սպեցիֆիկան, մանավանդ որ ՀՀԿ-ն բազմաշերտ կառույց է, որտեղ բազմաթիվ շահեր են ամեն օր բախվում։

Ընդդիմության ոչ ռացիոնալ լինելը 

Այս ամենը տեղի չէր ունենա իհարկե, եթե Հայաստանում լիներ ուժեղ ընդդիմություն։ Նրա առկայության պարագայում իշխանությունը շատ ավելի արագ է ակնարկում իր հետագա վերադասավորումների մասին ու ավելի շուտ սկսում պատրաստությունները գալիք կառավարմանը։ Դա թույլ է տալիս շուտ դիրքավորվել ու ընդդիմախոսների հետ ընտրել համապատախան հռետորաբանություն։ Քանի կա ուժեղ ընդդիմություն, անկախ ներսում եղած տարաձայնություններից, իշխանության մեջ եղած խմբերն ինչ-որ կետում հրադադար են հայտարարում միմյանց հանդեպ, արձանագրելով ժամանակավոր դադար, քանի որ երրրոդ կողմի՝ ընդդիմության հաղթականի պարագայում նրանք կորցնելու են ամենը։ Այժմ, ինչպես ասացինք՝ այդ երրորդ կողմը չկա, ուստի ներքին վերադասավորումները դառնում են ավելի բարդ, ու այստեղ Սերժ Սարգսյանը, չնայած, որ անվերապահ հեղինակություն է հանդիսանում, ամեն դեպքում չի կարող բավարարել բոլորին ու ինչպես նախորդ դեպքերում էլ, այս դեպքում ևս լինելու են նեղացողներ ու չբավարարվածներ, խաղից դուրս մնացողներ։

Վերջաբան

Սերժ Սարգսյանը այսօր Հայաստանի քաղաքական շրջանականերում դիտվում է որպես չարյաց փոքրագույն։ Սա նրան հա՛մ օգնում է, հա՛մ կաշկանդում։ Օգնում է, որովհետև կարծես թե հենց նա է շարունակելու լինել նոր պառլամենտական մոդելի լոկոմոտիվը, վատ է, որ Հայաստանի ճահճացած քաղաքական համակարգում շարունակվելու է քաղաքական ճահճացումն ու ստատուս քվոյի պահպանումը։ Այլ բան առաջարկել Սարգսյանը չի կարող, քանի որ, եթե առաջարկելու լիներ՝ կաներ մինչ սա։ Առհասարակ Հայաստանի նման հիբրիդային-խառնուրդ մոդելներում այլ բան ակնկալելը միամտություն կլիներ, որովհետև այն համակարգը, որ ստեղծվել է Սարգսյանի օրոք, ներդաշնակ համակարգ չէ, ոչ թե հարցեր լուծող, այլ ավելի շատ հարցեր առաջացնող։ Տեսականորեն՝ իհարկե հնարավոր է փոփոխություններ անել, սակայն դա արդեն կնշանակի, որ Սարգսյանը դեմ է գնալու իր իսկ հռչակած համակարգին։ Դա արդեն ոչ միայն չի կարող ստատուս քվո պահպանել, այլև հանգեցնել ցավոտ լուծումների, ընդհուպ մինչև համակարգի ու նրա հարակից շրջանակների բախում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել