Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության՝ Արտակ Զեյնալյանին ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու և «Ծառուկյան» խմբակցության հետ բանակցություններ սկսելու մասին հայտարարությանը, նշեց, թե պարզ մաթեմատիկական հաշվարկով էլ չի կարող խորհրդարանն ընդդիմադիր նախագահ ընտրել: «Եթե նույնիսկ «Ծառուկյան» ու «Ելք» խմբակցությունները միասին ունենան ընդհանուր թվի ¼-ը՝ առաջադրելու համար, նախագահ ընտրելու համար պետք է ¾ ձայն, իսկ այդքան ձայն ոչ մի կերպ չեն ունենա»,-ասաց նա՝ բացառելով նաև իշխանությունների՝ զիջումների գնալու քաղաքական կամքը: 

-Պարո՛ն Քոչարյան, «Ելք» խմբակցությունը հայտարարել է Արտակ Զեյնալյանին ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու և «Ծառուկյան» խմբակցության հետ բանակցություններ սկսելու մասին: Մինչ հնարավորությունները գնահատելը, կարո՞ղ ենք խոսել այն մասին, թե ի՞նչ կտա մեզ նախագահի ընդդիմադիր թեկնածուն:

-Անիմաստ է գնահատել այն, ինչ գիտես, որ չի լինելու, որովհետև նախագահն ընտրվում է խորհրդարանում, իսկ խորհրդարանում Հանրապետականը միանշանակ անցկացնելու է իր թեկնածուին:

-Իսկ հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու հնարավորությունն ինչպե՞ս եք գնահատում, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, ըստ Ձեզ, կապահովե՞ն ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը թեկնածու առաջադրելու համար:

-Անգամ եթե «Ծառուկյան» խմբակցությունը կողմ լինի նախաձեռնությանը, հետո քվեարկելու են ՀՀԿ թեկնածուի օգտին:

-Այսինքն՝ նախնական փուլում հնարավոր է՝ բանակցություններ սկսեն, իսկ քվեարկությանը ձայնը տա՞ն ՀՀԿ թեկնածուին:

-Ամեն ինչ հնարավոր է, բայց միևնույն է՝ վերջում չի անցնելու ընդդիմադիր թեկնածուն, որովհետև ¾ ձայն չեն կարող իրենք ունենալ: Ենթադրենք «Ծառուկյանն» ու «Ելքը» միասին ունեցան ընդհանուր թվի ¼-ը՝ առաջադրելու համար, բայց նախագահ ընտրելու համար պետք է ¾ ձայն, իսկ այդքան ձայն ոչ մի կերպ չեն ունենա:

-Իսկ Դուք դիտարկո՞ւմ եք այն տարբերակը, որ գուցե իշխանություններն էլ դեմ չլինեն ընդդիմադիր նախագահ ունենալու և երկիրն ավելի ժողովրդավար ներկայացնելու հնարավորությանը:

-Եթե ինձ եք հարցնում, ապա այս իշխանությունը բազմիցս ցույց է տվել, որ անգամ ամենափոքր կետերում զիջումների չի գնա: Նույն Վանաձորում, որտեղ կարող էր այդ դեմոկրատիան խաղալ՝ չխաղաց: Եթե Վանաձորի քաղաքապետարանում չի խաղում, ո՞նց կարող է երկրի նախագահի դեպքում խաղալ, դա բացառվում է:

-Իսկ Ձեր կարծիքով ինչո՞ւ են կանգ առել հենց Արտակ Զեյնալյանի թեկնածության վրա:

-Այսպես ասեմ, Արտակ Զեյնալյանն ավելի շատ ասոցացվում է մարդու իրավունքների, սոցիալական հարցերի համատեքստում, այսինքն՝ ինքը քաղաքական պրոցեսներով չի ընկալվում, ավելի շատ հումանիտար, հասարակական, իրավական հարթությունում է, և «Ելքն» առաջարկել է մի մարդու, ով ընկալելի է շատերի համար: Ճիշտ քայլ են արել, որովհետև Փաշինյանի դեպքում նրան ընկալելու էին քաղաքական ու միանշանակ չէր ընդունվելու: Հիմա ասելու են տեսեք՝ սա մարդ է, որը Ղարաբաղյան պատերազմին է մասնակցել, ով այնտեղ ոտք է կորցրել, բժիշկ է մասնագիտությամբ և այլն, այսինքն՝ ընկալելի է շատերի համար: Բայց այստեղ գրեթե 100 տոկոսով բացառում եմ, նախ մաթեմատիկորեն, հետո էլ եթե անգամ փոքր Վանաձորում իշխանությունները չհամաձայնեցին դեմոկրատիա խաղալ՝ «Լուսավոր Հայաստանին» չզիջելով քաղաքապետի պաշտոնը, ինչքան էլ նախագահը ապրիլի 9-ից հետո չլինի առաջնային, թիվ 1 անձը հանրապետությունում, այնուամենայնիվ ՀՀ նախագահի պաշտոնը ՀՀԿ-ն չի տա ընդդիմությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել