Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Անվտանգության զարգացման և օրենքի գերակայության Ժնևի կենտրոնի (DCAF) տնօրենի օգնական Ֆիլիպ Ֆլուրիին, ով պատասխանատու է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության ուղիները աղետների ռիսկի նվազեցման, աղետների կառավարման գործընթացում և արտակարգ իրավիճակներում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման և չեզոքացման, բնակչության պաշտպանվածության և պատրաստվածության գործում:

Անդրադառնալով Հայաստանում սպասվող կառավարման ձևի անցմանը դեպի խորհրդարանական՝ ԱԻ նախարարն ընդգծել է, որ խորհրդարանի դերը աղետների ռիսկի նվազեցման գործընթացում աճում է, և Ժնևի կենտրոնի փորձագիտական աջակցությունն այս ոլորտում կարող է շատ օգտակար լինել, ինչպես նաև՝ քննարկվել է աղետների ռիսկի նվազեցման ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմանը աջակցելու հնարավորությունը:

Կողմերը քննարկել են նաև երկրի համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման հիմնախնդիրները՝ հատկապես ԱՌՆ-ի բաղադրիչի ներառումը համայնքային բյուջետային ծրագրերում:

Համագործակցության շահառուների դաշտն ընդլայնելու նպատակով կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ աշխատանքի գործընթացում ներառել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը, որի միջոցով կապահովվի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների մասնակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել