ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Դարյուս Սկուսեւիչյուսի հետ:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Սուրեն Մանուկյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լիտվական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի և առանձնահատուկ ընդգծվել այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության կարեւոր դերը:

Անդրադառնալով հայ-լիտվական քաղաքական ու առեւտրատնտեսական հարաբերություններին՝ կողմերը գոհունակություն են հայտնել առեւտրի ակտիվացման կապակցությամբ և ընդգծել այդ ոլորտում առկա մեծ ներուժը:

Զրուցակիները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ:

«Թուրքիան անօրինական շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչը դատապարտելի և անթույլատրելի է: Ավելին, Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը ոչ թե նպաստում է տարածաշրջանային կայունությանը, այլ, ընդհակառակը, խրախուսում է Ադրբեջանին ռազմատենչ քաղաքականության իրականացման հարցում: ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Արցախի քաղաքացիներն ունեն անկախ պետություն կառուցելու նույնքան իրավունք, որքան Լիտվան ու Հայաստանը»,-փաստել է Է. Շարմազանովը:

Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը պատմական է»,-ընդգծել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել