Ներկայումս աշխարհն ազատական ժողովրդավարության երրորդ ճգնաժամի մեջ է, որի դրսևորումներից մեկը, ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության որոշակի ապաֆունկցիոնալությունն է և Ռուսաստանի ու Արևելյան գործընկերության անդամ հետխորհրդային երկրների նկատմամբ ու Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տարածաշրջանային ռազմավարության բացակայությունը:

Դիտարկենք մերձավորարևելյան տարածաշրջանում սովետական, նաև ռուսական, աշխարհաքաղաքական դերակատարումն ու ունեցած կշռի մի քանի բաղադրիչ:

1952-ից ԽՍՀՄ-ը կայուն դիրք ուներ տարածաշրջանում` աջակցելով Եգիպտոսում Աբդել Նասերի իշխանություն գալուն, որ վերջ դրեց բրիտանացիների աջակցությունն ունեցող միապետությանը։ Դա դարձավ հաջող ռազմական համագործակցության սկիզբ, որը երբեք չդադարեց։ Անկախության համար պատերազմում ԽՍՀՄ-ից զենք ստացավ նաև Ալժիրը։ Հարավային Եմենում իրադարձություններից հետո Մոսկվան կարողացավ վերջնականապես հայտարարել իր գաղափարական հաղթանակի մասին (1967- 1990-ին Հարավային Եմենը միակ երկիրն էր արաբական աշխարհում 100-տոկոսանոց կոմունիստական վարչակարգով, որ գոյություն ունեցավ մինչև երկրի վերամիավորումը): ԽՍՀՄ փլուզումով փլուզվեց և նրա ազդեցությունը Մերձավոր Արևելքում։ Արաբական գարնան իրադարձությունների բարդ շղթան Մոսկվային մղեց ասպարեզ դուրս գալ։ 2011-ին Մուբարաքին Կահիրեում տապալելուց հետո Ռուսաստանին Լոնդոնն ու Փարիզը դավաճանեցին` ստանալով նրա չեզոքությունը և օդային գործողություններ սկսելով Լիբիայում։ Մի քանի ամիս անց, երբ սպառնալիքի տակ հայտնվեց Ասադը, Կրեմլը մեղադրեց ոչ թե սիրիացիներին, այլ` արևմտյան հովանավորներին։ Ջիհադի համար պատերազմելու մեկնած կովկասցի զինյալների իսլամական վտանգի փաստարկը ռուսական իշխանությունները սկսեցին օգտագործել ավելի ուշ։

Այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը որոշեց ճանաչել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք, իրավիճակն այդ երկրում և ամբողջ տարածաշրջանում կտրուկ սրվեց: Այն հանգամանքը, որ Թրամփի որոշումը կարող է վտանգավոր լինել, հայտարարել են բազմաթիվ առաջնորդներ. Եվրոպայի դիրքորոշումն այդ հարցում միանշանակ է:

Արաբական աշխարհի հակաիսրայելական դիրքորոշման մասին խոսվել է քանիցս, ուղղակի մի փոքր դետալ. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իսլամական աշխարհում տեղի ունեցած բոլոր պատերազմների ժամանակ մահացել է ավելի քան 40 մլն մարդ, իսկ Իսրայելի դեմ բոլոր պատերազմներում ու ահաբեկչական գործողություններում` մոտ վաթսուն հազար հարաբ և քսանհինգ հազար հրեա:

Համենայն դեպս, կարելի է փաստել, որ արաբա-իսրայելական նոր պատերազմի հավանականությունը զրոյական է: Ըստ էության՝ սա որոշակի ժամանակային շիկացում է և ամիսների ընթացքում այն աստիճանաբար կթուլանա:

Իսլամական համագործակցություն կազմակերպության արտակարգ գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ: 57 երկիր միավորող Իսլամական համագործակցության կազմակերպությունը ներկայումս գլխավորող Թուրքիան՝ հանձին Էրդողանի, արտակարգ գագաթնաժողով է հրավիրել՝ կոչ անելով միջազգային իրավունքն ու արդարությունը հարգող պետություններին ճանաչել Երուսաղեմը` որպես Պաղեստինի «օկուպացված մայրաքաղաք»:

Հ.գ. Մերձավոր Արևելքում ռազմավար լինելու համար Վլադիմիր Պուտինին պակասում է տնտեսապես հզոր երկիրը. նա ռեսուրս չունի մեծ խնդիրներ լուծելու` ո՛չ քաղաքական, ո՛չ ֆինանսական, ո՛չ տնտեսական։ Առավելագույնը` Պուտինը կարող է կանխել, որ մեծ խնդիրներ չլուծեն այլ երկրները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն։ Ի՞նչն է խանգարում, որ այդ ռազմավարական տեսլականը կյանքի կոչի ԱՄՆ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել