«Հայաստանում ընդունված նոր Սահմանադրությամբ ևս երկրի նախագահը շարունակելու է համարվել պետության գլուխը, սակայն այդ պաշտոնն ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի և ընտրվելու է ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից: Ավելին` Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը նկատի ունենալով` կարելի է պնդել, որ նոր նախագահի ընտրությունները սարերի հետևում չեն: Նոր Սահմանադրությամբ նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 1-ից 10-ը: Իսկ նախագահի թեկնածուների առաջադրումը լինելու է փետրվարի 18-ից 28-ը: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 211 հոդվածի համաձայն` նոր լիազորություններով նախագահի առաջին ընտրությունները պետք է տեղի ունենան գործողի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 30 օր առաջ: Իսկ ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 139 հոդվածով սահմանվում է, որ նախագահի թեկնածուների առաջադրումը պետք է տեղի ունենա գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ: Ուստի հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում դեկտեմբերի վերջից մինչև հունվարի կեսերը ամանորի տոների շրջան է, հետևաբար կարող ենք ասել, որ կոալիցիոն մեծամասնությունը և «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու հարցում կողմնորոշվելու համար մեկ ամիս ժամանակ են ունենալու: Ինչու այս երկու ուժերը, որովհետև ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն` նախագահի թեկնածու կարող են առաջադրել պատգամավորների առնվազն մեկ քառորդը: Տվյալ դեպքում ստացվում է, որ նախագահի թեկնածու կարող է առաջադրել իշխող կոալիցիան` իր 65 պատգամավորով, և «Ծառուկյան» խմբակցությունն` իր 31 օրենսդիրով: Իսկ քվեարկությունը տեղի է ունենալու փակ գաղտնի և առաջին փուլով կընտրվի 79 (պատգամավորների առնվազն 3/4-ը) և ավել ձայն ստացած թեկնածուն: «Ժողովուրդ» օրաթերթի փորձերը՝ իմանալու, թե նշված ուժերից ով ում թեկնածությունը կառաջադրի, առայժմ ապարդյուն անցան` «որոշում չունենք» պատասխանով»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել