Երևանում մեկնարկել է «ՆԱՏՕ շաբաթը Հայաստանում» միջոցառումը:

ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը միջոցառման մեկնարկին ասաց, թե տարին բավական հարուստ էր իրադարձութուններով:

«Փետրվարի 27-ին Հայաստանի նախագահը այցելեց ՆԱՏՕ-ի գրասենյակ, հունիսի 13-ին արդեն Հայաստան այցելեց ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը: 2006 թվականից Հայաստանը հաջողությամբ իրականացնում է անհատական գործընկերության ծրագիրը: Այս տարի հաջողությամբ ավարտեցինք բանակցությունները ՀՀ-ՆԱՏՕ առաջին վստահության փաստաթուղթը», - ամփոփելով իրականացված աշխատանքները՝ ասաց Արմեն Եդիգարյանը:

Միջոցառմանը ներկա ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության առաջնահերթ պլաններն ունեն երկարաժամկետ բնույթ և դրանք տարիների ընթացքում կատարելագործվում են:

«ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք նաև ռազմական կրթության և վերապատրաստման ուղղությամբ: Պաշտպանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ ևս ակտիվ համագործակցում ենք», - ասաց Լևոն Այվազյանը՝ հավելելով, որ այստեղ մեծ տեղ ունեն նաև բարեվարքության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու կանանց ներգրավվածությունը:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին էլ իր հերթին ասաց, որ Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման նպատակն է հասարակության լայն շերտերի իրազեկումն է ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության վերաբերյալ:
«Շաբաթը կարևոր է մեզ համար, քանի որ այն հնարավորություն է տալիս ցուցադրել այն համագործակցությունը, որ տեղի է ունենում Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Երախտապարտ ենք Հայաստանին՝ 121 խաղաղապահ զինվոր Աֆղանստանում ծառայելու համար, 25 խաղաղապահ էլ Կոսովոյում է առաքելություն իրականացնում», - ասաց Ռոզարիա Պուգլիսին:

Վերջին տեղեկացրեց նաև, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերը դեկտեմբերի 18-ին կայցելի Հայաստան, հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարի և արտաքին գործերի նախարարի հետ:

 1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել