«Երեկ մենք գրել էինք, որ Եվրադատարանում դեռևս 2015-ից հետաձգված 2 գործ կա․ մեկը՝ Ադրբեջանի դեմ, մյուսը՝ Հայաստանի։ Երկուսն էլ փախստականների դիմումների համաձայն, որտեղ նրանք վիճարկում են այն արգելքը, որն իրենց խոչընդոտում է վերադառնալ հայրենի տուն և տնօրինել իրենց սեփականությունը։
 
Դեռևս 2015-ին ՄԻԵԴ-ը վճռել էր ժամանակ տալ կողմերին՝ հաշտության գալու և փոխհատուցման չափը որոշելու։ Թվում էր՝ քաղաքական նկատառումներով հետաձգված դատաքննությունները չէին վերսկսվի մինչև ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորումը և փախստականների հարցի գլոբալ լուծումը։ Բայց ԵԴ-ն անսպասելիորեն որոշեց վերսկսել և ավարտել գործի քննությունը։ Դրան թերևս նպաստեցին վերջին շրջանում Ադրբեջանի բարդ հարաբերությունները Եվրախորհրդի հետ, որի կառույցներից մեկն է ՄԻԵԴ-ը։ Երեկ տեղեկացանք, որ վճիռը կայացվել է, և ՄԻԵԴ-ը, պահպանելով հավասարակշռությունը, երկու գանգատներն էլ բավարարել է․ և՛ Լաչինի նախկին բնակիչ ադրբեջանցիներինը, և՛ հայինը։
 
Այսինքն՝ կրկին քաղաքական որոշում է կայացվել։ Թեև պետք է նկատել, որ նյութական մասով որոշումները համարժեք չեն, քանի որ ադրբեջանցի հայցվորները վեցն են, իսկ հայ դիմումատուն մեկն է և արդեն մահացել է։ Վճռի եզրափակիչ մասում գրված նախադասությունն ավելի է ամրապնդում այն կարծիքը, որ ՄԻԵԴ-ը երեկ քաղաքական վճիռ է կայացրել․ շեշտել է, որ երկու պետությունները պարտավորություն ունեն գտնել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը։ Բայց այս որոշումներն իրենց մեջ այլ, ավելի կարևոր վտանգ են պարունակում։ Սրանք սպառնում են դառնալ նախադեպային և նորանոր գանգատներ հրահրել։ Քարոզչական հարցերում ճարպիկ ադրբեջանցի իրավաբանները, անշուշտ, կօգտվեն այս հնարավորությունից և բողոքներով կհեղեղեն ՄԻԵԴ-ը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել