Առաջիկայում կներդրվի սննդի շղթայում գործունեություն իրականացնող ընկերությունների ռեյթինգավորման համակարգ, ինչպես նաև կլրամշակվի ռիսկերի գնահատման և կառավարման մեթոդաբանությունը:  Այս ծրագրերը  ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է FAO-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին:

ՍԱՊԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, ռեյթինգավորման համակարգի ներդրման նպատակն է սպառողին հնարավորություն տալ ավելի հեշտ կողմնորոշվել գնումներ կատարելիս և տեղեկացված լինել, թե որքանով է անվտանգ ու որակյալ տվյալ ընկերության արտադրանքը:

Ծրագրի գործարկումից հետո՝ ավելի ուշ, նախատեսվում է դասակարգում կատարել նաև ըստ մթերքների՝ տարանջատելով, օրինակ, օրգանական մթերքն այլ մթերքներից: Ռեյթինգավորման միջազգային փորձը Սննդմաթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներին է փոխանցել FAO-ի փորձագետ Մայքլ Գրեյվին, որը, որպես օրինակելի տարբերակ, մանրամասնել է սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման դանիական փորձը: Ծառայությունն առաջիկայում արդեն կունենա ռեյթինգավորման հայեցակարգը, որից հետո կսկսի գործընթացը՝ պիլոտային տարբերակով սկզբում ռեյթինգավորելով մսամթերք արտադրող ընկերություններին:  

Կարևորելով ռիսկերի գնահատման վրա հիմնված առավել նպատակային և հասցեական վերահսկողությունը՝ ՍԱՊԾ-ն այդ ուղղությամբ սերտորեն գործակցել է թե ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, թե ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների հետ:

FAO-ի փորձագետները ծանոթացել են ՊՈԱԿ-ի կարողություններին և հնարավորություններին, ռիսկերի գնահատմանն առնչվող օրենսդրական կարգավորումներին, անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտներում կիրառվող այն համակարգերի (RASSF, WAHIS) գործիքակազմերին, որոնք օգտագործվում են կենդանիների, սննդամթերքի ռիսկերի գնահատման և վերլուծության համար:

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներն արդեն ներկայացրել են իրենց դիտարկումները, և մինչև տարեվերջ պատրաստ կլինի վերջնական զեկույցը, որի հիման վրա էլ մեր երկրում կիրականացվի ռիսկերի գնահատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել