Հայկական լեռնաշխարհի հարուստ բուսականությունը նախկինում հնարավորություն է տվել հին Հայաստանին ունենալու լավագույն ըմպելիքները ողջ աշխարհում: Վերջիններիս մասին հնագույն տվյալներ փոխանցել են օտարազգի հայտնի մի շարք պատմիչներ:

Հույն մեծ պատմիչ Քսենոփոնը մ.թ.ա. 401 թ. եղել է Հայաստանում: Նա ոգևորությամբ գրել է հայկական գարեջրի մասին. «Նրանց տներում ապրում էին այծերը, ոչխարները, եզներն ու թռչուններն իրենց ձագերի հետ: Կար նաև ցորեն, գարի, ընդեղեն և կարասների մեջ լցված գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ: Ծարավելու դեպքում մարդ պետք է բերանին դներ եղեգի ծայրը և ծծեր: Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար ախորժելի ըմպելիք էր»: Հենց Քսենոփոնն է վկայել, որ գարեջրի հայրենիքներից մեկը Հայաստանն է:

 

Հայկական ըմպելիքների մոր՝ գինու մասին տեղեկություններ տվել է հույն պատմիչ Ստրաբոնը: Ըստ նրա՝ Հայաստանի այգիներում ընտիր խաղող էր աճում, որն էլ ընտիր գինի էր տալիս: Հայերը խաղող աճեցրել են Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր անկյուններում: Ավանդությունը վկայում է, որ Ակոռի գյուղում՝ Մասիսի լանջին է տնկվել խաղողի առաջին որթը: Գյուղում հոսող փոքրիկ գետերից մեկին անվանում էին Գինա գետ՝ գինեվետ, գինով առատ գետ: Գողթն գավառում ևս խաղողի հարուստ այգիներ կային, որոնցից ոգեշնչված էլ գուսաններն այն անվանում էին գինեվետ Գողթն: Արցախի Հադրութի շրջանում է գտնվում աշխարհի ամենահին բնակավայրերից մեկը՝ Ազոխը: Բառացիոերն «ազոխ» նշանակում է խակ, չհասունացած խաղող: Գինու անվան հետ կապված շատ այլ բնակավայրեր ևս կան Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքում:

Գինին սկզբում ունեցել է բուժական նշանակություն, որից հետո միայն դարձել է մարդու տրամադրությունը բարձրացնող ըմպելիք: Գինի հնուց ի վեր օգտագործում են հայ ժողովրդի բոլոր խավերը, քանի որ Հայաստանը խաղողագործության հայրենիք էր համարվում: Հենց մենք՝ հայերս, գինուն անվանում էինք ողկույզի դուստր, ըմպելիքների թագուհի, խաղողի արյուն, ըմպելիք քաղցր ու անուշ:

Սակայն գինու օգտագործումը չարաշահում էին արքունիքներում տոնախմբությունների ժամանակ: Հայ արքաների մեծ մասը եղել է չափազանց խրախճասեր և գինեմոլ: Նրանք հպարտանում էին իրենց այդ հատկությամբ և անգամ փորձում էին եկող սերունդներին տեղյակ պահել, թե ինչպիսինն են եղել իրենք: Թովմա Արծրունու աշխատությունից հայտնի է դառնում, որ Վասպուրականի Գագիկ Արծրունի արքան Գետն ավանում որսարան-գինետուն է կառուցել: Իսկ ճարտարապետ Մանուելը Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու պատերից մեկի վրա պատկերել է նույն Գագիկ Արծրունուն, ով բազմել է ոսկեզօծ գահին, շրջապատված է երաժիշտներով և պարուհիներով: Մի այլ պատի վրա էլ քանդակված է խաղողի գեղեցիկ այգի, որում բարձի վրա նստած է Գագիկը՝ ձախ ձեռքը մեկնած դեպի խաղողի ողկույզը, իսկ աջում՝ գավաթ պահած: Տպավորություն է ստեղծվում, թե արքան պատրաստվում է ձեռքով տրորել ողկույզը գավաթի մեջ և ըմպել ստացված ըմպելիքը:

Հին Հայաստանում, գարեջրից ու գինուց բացի, պատրաստել են նաև ցքի կամ օղի: Ժամանակակից բառապաշարից դուրս է եկել ցքի բառը, սակայն այն օղու մաքուր հայերեն տարբերակն է, որը նշանակում է, թե այն խմողի հոգին ու սիրտը ծածկվելու է ցաքի փշի նման: Ցքի ըմպողներին հնում ծաղրել են ու հալածել: Ովքեր հարբել են ըմպելիքից, նրանց կապկպել են ձիերի գամակներին և շրջել գյուղեգյուղ՝ այն բոլոր տների մոտով, որտեղ ապրել են հարբեցողի հարազատները, մերձավորները: 5-րդ դարի հայ կաթողիկոս և իմաստասեր Հովհան Մանդակունին հակակրանք է ունեցել ցքի ըմպողների նկատմամբ:

Հետաքրքիրն այն է, որ հին Հայաստանում ոգելից ըմպելիքները չարաշահողները դատապարտվել են օրենքի համաձայն: Մխիթար Գոշն իր Դատաստանագրքում հատուկ օրենք է սահմանել հարբեցողների պատժի վերաբերյալ: Ըստ նրա՝ եթե հարբեցողը որևէ վնաս է հասցրել դիմացինին, ապա պարտավորվում է հատուցել այն: Պատիժ էր հասնում հարբեցող հոգևորականներին և բոլոր նրանց, ովքեր որևէ մասնակցություն էին ունենում գինարբուքների կազմակերպմանը: Գոշը կարծում էր, որ հարբեցողին նախ հարկավոր է խրատել, ապա՝ պատժի ենթարկել և երդում չընդունել նրանից: Գոշն իր հայտնի առակներից մեկում նշում է. «Եթե մարդը զգույշ լինի ուտելու և խմելու մեջ, բժիշկներին դիմելու կարիք չի ունենա երբեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել