Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի՝ փոխգնդապետի կոչում ստանալուն, այն համարեց խայտառակություն և ալիևյան վարչախմբի ահաբեկչական քայլ, որը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից:

«Ալիևը պահն օգտագործեց՝ տեսնելով, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Երուսաղեմի հետ կապված հարցերով և պարգևատրեց այդ տականքին՝ փոխգնդապետի կոչում շնորհելով: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի, իսկ եթե չի արձագանքել, պետք է օգնել այդ հարցում, որովհետև սա ոչ այլ ինչ է, քան նացիզմի շարունակություն: Ալիևը Սաֆարովից ոչ մի բանով չի տարբերվում, ընդհակառակը՝ նրա հովանավորն է, գոտեպնդողը»,-ասաց նա և նկատեց, որ Սաֆարովին կոչում տալը հատուկ տարածվել է լրատվամիջոցներով:

Դավիթ Բաբայանը նշեց, որ այս հարցում առաջին հերթին Հունգարիային պետք է մատնանշել: 

«Պետք է ցույց տալ, թե իրենց հանցագործ պահվածքը ինչի հանգեցրեց, որ վաճառվել են խավիարի և փողի դիմաց ու այդ տականքին բաց են թողել: Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրության նկատմամբ ահաբեկչական գործողություն, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և սա ցույց է տալիս, որ այդ երկրում նացիզմը և շիզոֆրենիան համախմբված դարձել են ընդհանուր մթնոլորտ և աղտոտում ու թունավորում են ողջ հասարակությունը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել