Զարգացած երկրների պրակտիկան հուշում է՝ արտաքին պետական պարտքի մեծ բեռից իրականում վախենալ շատ պետք չէ. եթե կա վարկավորում, հետևաբար կան հաշվարկներ, որ երկիրը վճարունակ է: Փոխարենը լուծվում են ընթացիկ մի շարք խնդիրներ, որոնք տվյալ պահին երկիրն ի զորու չէ փակելու սեփական միջոցներով կամ նպատակահարմար չի գտնում դրանց վատնումը: Ինչևէ:

Հայաստանի համար արտաքին պետական պարտքը ԱԺ քննարկումներից հետո հավանաբար կավելանա ևս 40 միլիոն դոլարով: Ֆինանսների փոխնախարարի խոսքերով՝ Ասիական զարգացման բանկի տրամադրած գումարը կուղղվի բյուջետային վարկավորման, քանի որ բյուջետային տարին լինելու է դեֆիցիտով, այդ վարկը, ցիտում եմ, «փակելու է եկամուտների և ծախսերի տարբերությունը»:

Ֆինանսների փոխնախարարի ելույթից հասկանալի է դառնում, որ խոսքն ընթացիկ տարվա պակասորդը փակելու և նոր տարին ավելի կայուն ֆինանսական վիճակով սկսելու մասին է:

Ստացվում է, որ սպասվող 2018թ.-ը հենց այդպիսին էլ պիտի լինի՝ ֆինանսապես կայուն, քանի որ նախորդ տարվա դեֆիցիտը վարկով փակված է, և ավելին՝ բոլորս պիտի զգանք տնտեսական աճ, քանի որ այդ մասին վկայում են բոլոր պետական կանխատեսումները:

Հուսանք՝ բոլոր հաշվարկներն իրականում կապահովեն այն, ինչ խոստանում են, հակառակ պարագայում այսօր կրթվող ու մեծացող սերունդն անիմաստ դատապարտված չէ 15-ից 20 տարի անց 40 միլիոն և ավելի պարտքային բեռ կրելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել