Panorama.am-ը գրում է.

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված անձանց՝ «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»  գործերով վճիռները, որոնցով ՄԻԵԴ-ը սահմանել է գործով անձանց տրամադրվելիք գումարային փոխհատուցման չափը։

Այսպես, «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործով 6 անձանց  Հայաստանը 3 ամսվա ընթացքում պետք է վճարի 5000 եվրո յուրաքանչյուրին որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 28,642.87 ֆունտ ստեռլինգ՝ դատական ծախսեր։

«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»  գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանը 3 ամսվա ընթացքում պարտավորվում է վճարել 5000 եվրո որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 30 հազար եվրո՝ դատական ծախսերի համար։

Հիշեցնենք,  որ «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է ադրբեջանցի 6 փախստականների, ովքեր, ինչպես նշում է ՄԻԵԴ-ը, չեն կարողացել վերադառնալ Լաչինում գտնվող իրենց սեփականությունները, որտեղից ստիպված են եղել փախչել 1992թ․-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։ «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը գտել էր, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պահպանում), 8-րդ հոդվածի (սեփականության, անձնական ու ընտանեկան կյանքի հարգման իրավունք), 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումներ։

Երկրորդ՝  «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի», գործը վերաբերում է հայ փախստականին, ով ստիպված է եղել հեռանալ Ադրբեջանի Շահումյանի շրջանում գտնվող իր սեփականությունից 1992թ․-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ ու նրան մշտապես մերժել են իր գյուղ վերադառնալու ու իր սեփականությունն օգտագործելու իրավունքը։ Այս գործով ևս ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 1-ին, 8-րդ և 13-րդ հոդվածքների խախտում։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել