Արդեն համացանցում տարածվել է, որ ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը ստացել է փոխգնդապետի զինվորական կոչում, ու հենց դրա առթիվ հիշել եմ մի շարք հանցագործների, որոնք Ադրբեջանում համարվել են ազգի հերոս։ Դրանց հիմքերից մեկը Ռամիլ Սաֆարովն է, ով քնած հայ սպային կացնով սպանելուց հետո Ադրբեջանում դարձավ հերոս, նախագահի կողմից ստացավ տուն, մեքենա և բարձր մակարդակի անվտանգություն։

Հաջորդ ազգի հերոսը, ով կրկին հանցագործությամբ է վաստակել այդ կոչումը ադրբեջանցի ենթասպա Մուբարիզ Իբրահիմովն է։ 2010թ․ հունիսի 18-ին Իբրահիմովը լքում է ադրբեջանական դիրքը, անցնում է հայկական սահման՝ Արցախի հյուսիսարևմտյան հատվածում, Չայլու գյուղի մոտ, որտեղ մարտի է բռնվում հայ դիրքապահների հետ։ Մարտի արդյունքում հայկական կողմն ունենում է զոհեր, զոհվում է նաև Իբրահիմովը։ Բոլոր երկրների ռազմական օրենքի համաձայն՝ այդ թվում՝ նաև ադրբեջանական, պահպանվող դիրքն ինքնակամ լքելը համարվում է հանցագործություն, ինչի համար զինծառայողը պետք է պատասխանատվության ենթարկվի, սակայն ադրբեջանական կողմի համար հանցագործությունը հերոսության նման մի բան է։ Հուլիսի 22-ին Ադրբեջանի նախագահը Իբրահիմովին հետմահու շնորհեց Ադրբեջանի ազգային հերոսի կոչում, հետագայում Իբրահիմովի մասին հորինվում էին տարբեր տեսակի առասպելներ, որոնց մեծ մասին նույնիսկ ադրբեջանցիները չեն հավատում։

2010թ. սեպտեմբերի 4-ին Իբրահիմովի հանցագործությունը կրկնեց մեկ այլ ադրբեջանցի սպա։ Նորից Մարտակերտի հատվածում Պաշտպանության բանակի դիրքեր միայնակ ներթափանցելու փորձ կատարեց ավագ լեյտենանտ Ֆարիդ Ահմեդովը։ Խրամատ ներթափանցած ադրբեջանցու հետ ձեռնամարտի բռնված շարքային զինծառայողը գետին է տապալում ադրբեջանցի սպային, իսկ օգնության հասած մեկ այլ ժամկետային զինծառայող սպանում է նրան։ Այս դեպքում ևս ադրբեջանական բանակի սպան գործել էր առանց հրամանի։ Դեպքից հետո սրա մասին ևս տարբեր առասպելներ հորինվեցին։ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանիրա Փաշաևան 2010 թվականի սեպտեմբերին վավերագրական ֆիլմ նկարահանեց Ահմեդովի մասին և նրան նվիրված երգ ձոնեց։ Գանիրա Փաշաևան Ադրբեջանի առաջին տիկնոջ ազգական է։ Ահմեդովի անունով անվանակոչվեցին դպրոց և փողոց, իսկ Թուրքիայում՝ նույնիսկ տանկեր։

2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Գուրբանովը ներթափանցել էր Տավուշի մարզի Չինարի գյուղի հատվածում գտնվող դիրքեր։ Փոխհրաձգության ժամանակ Գուրբանովը զոհվել էր։ Ադրբեջանցիները կրկին հերոսացնում էին նրա քայլը։ Վերջինս նույնպես գործել էր առանց հրամանի. լքել էր դիրքը։ 2017թ. փետրվարի 5-ին Գուրբանովի դիակը վերադարձրեց ադրբեջանական կողմին, Իլհամ Ալիևն արդեն պաշտոնապես շնորհեց նրան Ադրբեջանի ազգային հերոսի կոչում։ Գուրբանովի թաղումը և մեծարումը կազմակերպվել էր ճիշտ այնպես, ինչպես Մուբարիզ Իբրահիմովինը։

2016թ․ ապրիլյան մարտերի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անձամբ պարգևատրում էր առանձնակի դաժանությամբ աչքի ընկած իր սպաներին, ովքեր խոշտանգել էին հայ զինվորների մարմինները։

Երկրի ղեկավարի կողմից հանցագործներին այսպես հովանավորելն էր պատճառը, որ Ադրբեջանի բանակում գնալով շատանում են սաֆարովները և իբրահիմովները։ Սրանց օրինակներն աչքի առաջ ունենալով՝ արդեն շարքային զինվորներն են կատարում նույն քայլերը։ Հերոսանալու կարճ ճանապարհը գտել են։ Գնալ և հայ սպանել, ինչ գնով էլ լինի։ Կմեռնես, հետմահու կհերոսանաս, ողջ կմնաս, կունենաս ապահով կյանք ու պաշտոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել