Life.panorama.am-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարգարյանի տարեդարձն է: Դերասանը նշում է իր 46-ամյակը, սակայն Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն 24 տարեկան է զգում:

«Կարծում եմ՝ 46-ը այդքան մեծ չէ, այնպես որ տարիքի վրա ես չեմ կենտրոնանում, հատկապես, որ իմ ինքնազգացողությունը 24 տարեկանի է: Ինձ մոտ միշտ տպավորված է, թե 24 տարեկան եմ:  Իհարկե, տարիների ընթացքում մարդու դեմքը, տեսքը, ինչու ոչ նաև մտածելակերպը փոխվում է, կնճիռներ են ավելանում, մազերն են ճերմակում, նոսրանում, և այդ ամենը հատկապես դերասանի, արտիստի համար շատ ցավոտ երևույթ է, քանի որ կան կերպարներ, որոնք դեմքդ, մարմինդ քեզ այլևս թույլ չեն տա խաղալ: Դերասանի համար իր արտաքինն իր գործիքներից մեկն է, հաստատ 46 տարեկանում Ռոմեո չես խաղա: Սակայն պետք է հպարտությամբ ասեմ, որ այսօր էլ «Պատվի համար» ներկայացման մեջ 23-ամյա Սուրենին եմ խաղում: Այո, այս առումով կյանքն իմ հանդեպ շռայլ է, հատկապես բեմում իմ տարիքն այնքան էլ չի երևում»,- նշեց դերասանը:

Վերլուծելով իր կյանքի ճանապարհին թույլ տված բացթողումները՝ Արմեն Մարգարյանը նկատեց. «Երբեմն մտածում եմ, որ երևի սխալ մասնագիտություն եմ ընտրել: Չէ, քավ լիցի, ես սիրում եմ իմ աշխատանքն ու կարծում եմ, որ կարողանում եմ ճիշտ դրսևորել այս արվեստն իմ մեջ, պարզապես ժամանակ առ ժամանակ մտածում եմ, որ օրինակ, եթե բժիշկ լինեի, գուցե ավելի շատ մարդկանց օգտակար լինեի, կամ ավելին կանեի: Կարող էի նկարիչ լինել, իմ կտավներում շատ բաներ կարտահայտեի, իսկ դերասանի համար միշտ չէ, որ արտահայտվելու միջոցները ստեղծվում են, դերերը անսահման չեն, իսկ դերասանը միշտ ուզում է ավելին խաղալ: Շատ դերեր կան, որոնք չեն խաղացվել, կերպարներ էլ կան, որոնք այլևս չեմ խաղա և այս ամենի պակասն այսօր զգում եմ: Միևնույն ժամանակ, սա ինձ համար ցավալի չէ. դերասանի համար դրամատուրգիան ամեն տարիքի դերեր ստեղծել է: Ինչ վերաբերվում է կյանքումս թույլ տված բացթողումներին, դրանք գուցե շատ են: Երիտասարդության տարիներին ես մեկնել էի արտերկիր և կարող էի այնտեղ ապրել, բայց որոշեցի վերադառնալ: Հիմա մտածում եմ, որ գուցե մնալով այնտեղ՝ ավելի շատ բաների կհասնեի, կամ էլ հակառակը: Ամեն դեպքում, այսօրվա իմ կյանքից գոհ եմ. ունեմ հիանալի ընտանիք, սիրելի կին, հրաշք երեխաներ, որոնք շատ կիրթ են և լավ են սովորում: Ի դեպ՝ տարիներ առաջ մտածում էի, թե ողջ կյանքում ազատ պետք է լինեմ, թիթեռի կյանքով ապրեմ, անգամ ընտանիք չունենամ, բայց կյանքի ընթացքում հասկացա, որ դա է հենց ամենամեծ երջանկությունը և այսօր փառք եմ տալիս Աստծուն, որ հրաշք ընտանիք ունեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել