1945 թ. օգոստոսի 6-ին ու 9-ին ՍՄՆ-ն միջուկային հարվածներ հասցրեց ճապոնական երկու քաղաքի՝ Հիրոսիմային և Նագասակիին: Ըստ պաշտոնական տվյալների՝ պայթյունի առաջին րոպեներին մահացել է ավելի քան 80 հազար մարդ, և նույնքան անձինք էլ վնասվածքներ են ստացել: Իսկ թե քանի հոգի է մահացել ճառագայթային հիվանդությունների հետևանքով, դժվար է պատկերացնել:

Թվում է՝ միջուկային ռմբակոծությունից հետո քաղաքների տարածքները և դրանց շրջակայքը պետք է լքվեին մարդկանց կողմից, քանի որ բնակության համար այլևս անպիտան էին: Սրա մասին խոսելիս մարդիկ միանգամից հիշում են Չեռնոբիլի ատոմակայանի վթարը, որի ժամանակ հարյուրավոր կիլոմետրեր շառավղով գտնվող տարածքները մահացու վտանգավոր էին: Սակայն այսօր Հիրոսիմայի և Նագասակիի տարածքներում, ընդհանուր առմամբ, ապրում է շուրջ 1,6 մլն մարդ: Ինչպե՞ս է դա հնարավոր և ինչու՞ մարդիկ չեն մտահոգվում իրենց առողջության մասին:

Իրականում ամերիկյան ատոմային ռումբի պայթյունի և ատոմակայանի վթարի միջև բազմաթիվ տարբերություններ կան: Առաջինը՝ ճապոնական քաղաքների վրա նետված երկու ռումբերի զանգվածները շատ ավելի փոքր են, քան ատոմակայանում օգտագործվող վառելիքի զանգվածը: Չեռնոբիլի չորրորդ էներգաբլոկը պարունակում էր 180 տոննա ռադիոակտիվ վառելիք:

Երկրորդ՝ ռումբի պայթյունի ժամանակ ճառագայթման ռեակցիային «մասնակից է եղել» շուրջ 800 գ ուրան, մինչդեռ մնացած զանգվածը նետվել է պայթյունի ուղղությամբ: Սա համեմատության մեջ չի կարելի դնել տոննաներով ռադիոակտիվ նյութերի հետ, որոնք լցվեցին Չեռնոբիլի շրջակայքում:

Երրորդ՝ պայթյունը մակերևույթից 600 մ բարձրության վրա է կատարվել, այդ պատճառով էլ ռադիոակտիվ նյութերի մի մասն օդային հոսքերի հետ վեր է բարձրացել և ցրվել:

Իհարկե, այս փաստերը չեն նշանակում, որ քաղաքների շրջակայքում ռադիացիա առհասարակ գոյություն չունի: Առաջին տարիների ընթացքում ռադիոակտիվ նյութերի քանակությունը մի քանի անգամ ավելի բարձր էր նորմայից, սակայն այն ժամանակ քչերն էին մտածում ճառագայթային վտանգի մասին: Հենց այդ պատճառով էլ որոշ ժամանակ անց մարդիկ զանգվածաբար բնակեցրին քաղաքները: Եվ շատ ուշ բժիշկները սկսեցին նկատել, որ Հիրոսիմայում և Նագասակիում օնկոլոգիական հիվանդությունների թվաքանակը մի քանի անգամ մեծացել է՝ գերազանցելով ողջ երկրի միջին թվաքանակը: Վերոնշյալ գործոններն ակնհայտորեն ազդել են մարդկանց՝ այս վայրերում բնակվելու հնարավորության վրա, իսկ ռադիացիոն ֆոնը տարեցտարի նվազում է:

Այս քաղաքների բնակեցման ևս մեկ գործոն է հանդիսանւմ Ճապոնիայում ապրելու համար պիտանի վայրերի բացակայությունը: Հետաքրքիր է՝ արդյոք այն երկրների բնակիչները, որտեղ տարածքային դեֆիցիտի խնդիր չկա, կհամաձայնեի՞ն բնակություն հաստատել ատոմային ռումբից տուժած քաղաքում, որտեղ մի քանի վայրկյանում հազարավոր մարդիկ վախճանվեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել