Araratnews.am-ը գրում է.

Հայաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը բավարար չէ փոխհարաբերությունների և գործընկերության համար, շատ այլ ոլորտներ կան, որ հետագայում կուզենք զարգացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին:

Դեսպանի խոսքով՝ համագործակցության համար այսօր հնարավորությունները մեծ են, և ապրանքաշրջանառության տեսանկյունից հայկական որոշ ապրանքներ ևս կարող են հետաքրքրել Ճապոնիային. «Հայտնի է, որ Ճապոնիայից Հայաստան ներկրվում են հիմնականում մեքենաներ, տարբեր տեսակի սարքավորումներ: Բացի այդ, կարծում եմ, որ լավ կլիներ, որ Հայաստան ներկրվեր նաև բժշկական սարքավորումներ և այլ էլեկտրական սարքավորումներ: Ինչ վերաբերում է Հայաստանից Ճապոնիա ապրանքներ արտահանելուն, կարծում եմ՝ Ճապոնիայում հետաքրքրված կլինեն  հայկական գինով, մեղրով, նաև մրգաչրերով:

Ամեն տարի Ճանոնիայում կազմակերպվում է «Ֆուդ էքսպո», և 2018-ին, երբ կկազմակերպվի, կլինեն մասնակիցներ Հայաստանից, ովքեր կներկայացնեն այդ ապրանքները, դա էլ կարող է խթան լինել հետագա արտահանման համար»:

Հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման նպատակով այս տարի, դեսպանի խոսքով՝ նաև կստորագրվի նոր համաձայնագիր. «Կարծում եմ` արդեն մեկ շաբաթից Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունները կստորագրեն ներդրումների համատեղ համաձայնագիր, որտեղ կոնկրետ ոլորտ նշված չէ: Այն հնարավորություն կտա, որ հետագայում Ճապոնիայի ներդրողներն իմանան, որ ամեն ինչ կարգավորվում է ըստ օրենքի և ըստ համաձայնագրի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել