Անցած շաբաթ Աժ-ում 73 կողմ ձայնով առաջին ընթեցմամբ ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը, որը հասարակական լայն հատվածի քննարկման, ինչու ոչ, նաև քննադատության առիթ էր հանդիսացել:

Անդրադառնանք օրենքի որոշ տարրերի և փորձենք դրանք ներկայացնել յուրովի:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքն ինչպես անվանափոխությունից և որոշ փոփոխությունների ենթարկվելուց առաջ, այնպես էլ այժմ շարունակում է վտանգավոր ու խնդրահարույց լինել հայ ընտանիքների և հասարակության համար: Նախագծի նախկին անվանումը` «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին», փոխել են, ավելի ճիշտ` արտաքուստ այն «շոկոլադապատել» են։ Չնայած նախագծում կատարել են նաև բովանդակային որոշ դրական փոփոխություններ, իրականում այն շարունակում է մնալ ընտանիքի նկատմամբ բռնության մասին օրենքի նախագիծ ու չի կորցրել իր ընտանիքաքանդ և մի շարք այլ առումներով՝ վտանգավոր բնույթը:

Մի քանի խոսք ընտանիքում ծեծի մասին: Ծեծը հասկանալի է, թե ինչ արարք է և ինչու է համարվում ֆիզիկական բռնություն, սակայն «այլ բռնի գործողություններ» ասվածը, ինչպես ձևակերպված է օրենքում, թեև քրեական օրենսգրքով նախատեսված է որպես քրեորեն պատժելի արարք, սակայն սահմանված չէ, թե ինչ բան է դա: Ո՞վ կարող է ասել, որ դաստիարակչական նպատակով ծնողի` իր երեխային ապտակելը կամ երեխայի ականջը ձգելը հիշյալ օրենքի ընդունումից հետո չի կարող համարվել այլ բռնի գործողություն, որտե՞ղ է երաշխիքը, որ չի համարվի: Հակառակը` հաշվի առնելով ԵՄ անդամ երկրների դառը փորձը, որտեղից թելադրված է այս օրենքի նախագիծը, ինչպես նաև իր օրենսդրությունն ու կարգերն այլ երկրների ընդունելի դարձնելու նրանց միտումը, կարող ենք ասել, որ երեխային, ասենք, ապտակելը, ականջը ձգելը նույնպես կարող են համարվել այլ բռնի գործողություն:

Մոտավորապես մի անհասկանալի և մեր արժեհամակարգին ոչ ընկալելի ձևակերպում ունի «երեխայի ազատ տեղաշարժի» հետ կապված հարցերում: Սակայն բոլորիս շրջապատում էլ կան դեպքեր, երբ, իր դեռահաս երեխայի դաստիարակության շահերից ելնելով, ծնողն իր երեխայի մասնակցությունը, օրինակ, այլասերվածների շքերթներին կամ քայքայիչ, ամբողջատիրական աղանդի հավաքներին կանխելու, գիշերային ակումբ կամ խաղատուն այցելելն արգելելու նպատակով կարող է նրան ազատությունից ժամանակավորապես զրկել (օրինակ` տան դուռը բանալիով փակել անչափահաս երեխայի վրա) կամ սահմանափակել ազատ տեղաշարժվելու նրա իրավունքը:

Վտանգավոր և անընդունելի է նաև օրենքի ներկայիս նախագծում առկա տնտեսական բռնության սահմանումը: Ըստ այդմ՝ տնտեսական բռնություն է նաև անձի աշխատանքի ընտրության ազատության իրավունքը սահմանափակելը, և քանի որ նշված չէ` չափահաս անձի, ստացվում է, որ տնտեսական բռնություն է նաև անչափահաս անձի աշխատանքի ընտրության ազատության իրավունքը սահմանափակելը: Դա նշանակում է, որ եթե 17-ամյա դեռահասը ցանկանում է աշխատել խաղատանը, դիսկոտեկում, գիշերային ակումբում, աղանդավորական կազմակերպությունում, աշխատանքն ուշ ժամի ավարտող կամ գիշերային հերթափոխ ունեցող որևէ այլ հաստատությունում կամ զբաղվել իր առողջության համար վտանգավոր որևէ աշխատանքով, ծնողն իրավունք չի ունենալու սահմանափակելու իր դեռահաս երեխայի աշխատանքի ընտրության ազատությունը:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» խաբուսիկ անվանմամբ ընտանիքաքանդ, իրականում ընտանիքի նկատմամբ բռնության մասին օրենքի նախագծի դեմ փաստարկներն ընդամենը մի քանի, առավել աչքի ընկնող դրույթներ էին, որոնք, միանշանակ, լուրջ մտածելու տեղիք են տալիս:

Խոսելով օրենքի խնդրահարույց կետերի մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ՀԿ-երի դերի գերկարևորության և այդ ֆոնին հայոց եկեղեցուն երկրորդելու փաստին: Նախագծով նախատեսված լիազոր մարմնի ղեկավարին կից գործող ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի կազմում հարկավոր է ներգրավել Հայ առաքելական սուրբ եկեղեցուց մեկական ներկայացուցիչ: Եկեղեցու ներկայացուցչի ներգրավումը հապատասխանում է ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածին, որով Հայ առաքելական եկեղեցուն տրվում է բացառիկ կարգավիճակ հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքում և նկատի ունենալով, որ ընտանիքը գտնվում է ոչ միայն քրիստոնեական արժեհամակարգի առանցքում: Այստեղ խոսքը ոչ թե մարդու լիբերալության կամ նահապետականության մասին է, կամ, ասենք, մարդը ազգայնական է կամ մեծ գլոբալիստ, այլ հարցն այն է, որ գործ ունենք պետության համար կարևորագույն բջիջի` ընտանիքի հետ:

Օրենքի մասին շատ բան է հուշում այն մշակած ու վերոնշյալ մարմիններին ներկայացրած հասարակական կազմակերպությունների ցանկը

Հ.գ. Հնդկական առասպելի համաձայն՝ Շիվա և Վիշնու աստվածներն իրենց երկու որդուն ուղարկում են աշխարհով մեկ շրջելու։ Նրանցից կրտսերն առանց երկար-բարակ մտածելու շրջում է հոր և մոր կողքը և հայտարարում, որ նրանք են իր աշխարհն ու տիեզերքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել