Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեղադրել է իշխանություններին երկրում բնակվող փոքրամասնությունների՝ Լոզանի պայմանագրով նախատեսված իրավունքները չպահպանելու ու նրանց հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: 

Ինչպես տեղեկանում ենք հայազգի պատգամավորի Twitter-յան պաշտոնական էջից, Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հունաստանյան ելույթը, որի ժամանակ Թուրքիայի ղեկավարը մեղադրել էր Հունաստանի իշխանություններին տեղի մահմեդական համայնքի հանդեպ խտրական վերաբերմունքի համար:

«Ասում եք՝ «Արևմտյան Թրաքիայում մահմեդականներն իրենց հոգևոր առաջնորդին չեն կարողանում ընտրել, և դա հակասում է Լոզանի պայմանագրին»: Դե ուրեմն մի նկատառում էլ իմ կողմից. Թուրքիայի հայերը տարիներ շարունակ պետության միջամտության պատճառով չեն կարողանում ընտրել իրենց պատրիարքին: Հոգևոր դպրոցները փակվում են, պատրիարքարանը պաշտոնական կարգավիճակ չունի... Էլի՞ թվարկեմ», - գրել է Փայլանը:

Հիշեցնենք, որ Էրդողանը Հունաստան այցից ժամեր առաջ հունական Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Լոզանի խաղաղության պայմանագիրը վերանայման կարիք ունի:

Լոզանի պայմանագիրը, ի թիվս այլ հարցերի, սահմաններ է հաստատում երկու երկրների միջև և սահմանում է Էգեյան ծովում կղզիների նկատմամբ Հունաստանի իրավունքները:

Լոզանի պայմանագիրը 1923 թվականի հուլիսի 24-ին կնքված հաշտության պայմանագիր է՝ 8 ամիս տևած Լոզանի կոնֆերանսի հիմնական ավարտական փաստաթղթերից մեկը։ Այն պաշտոնապես հանգուցալուծեց Մերձավոր Արևելքում 1919-1922 թվականներին առկա հակամարտությունը, մասնավորապես՝ թուրք-հունական պատերազմը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել